Աշխարհում մարդկանց հոգեկան առողջության հետ կապված խնդիրները հասել են համավարակի մասշտաբների։ Այսպիսի եզրահանգում է կատարել Financial Times (FT) պարբերականը՝ վերլուծելով բազմաթիվ հետազոտություններ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության գնահատականներով՝ աշխարհում տարեկան կորչում է 12 մլրդ աշխատանքային օր դեպրեսիայի եւ տագնապայնության պատճառով։ Վնասը համաշխարհային տնտեսության համար գնահատվում է 1 տրլն դոլար։

Հոգեկան առողջության վատացման միտումը խորացրել է COVID-19 համավարակը. 2020-2021թթ. դեպրեսիայի դեպքերն աշխարհում 25 տոկոսով ավելացել են։ ԱՀԿ-ում նշել են, որ ներկա պահին աշխարհը չի վերադարձել 2019թ. ցուցանիշներին։ Deloitte-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ հոգեկան առողջության խնդիրը հատկապես սուր է այն մարդկանց մոտ, ովքեր աշխատում են բիզնեսում, առաջին հերթին ֆինանսների եւ ապահովագրության ոլորտում։

Մասնագետները զգուշացնում են, որ ընկերությունները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն իրենց աշխատակիցների հոգեկան առողջության համար եւ բացահայտ խոսեն նրանց հետ այդ խնդրի մասին։ Ինչպես ցույց է տալիս MindForward-ի հետազոտությունը, ընկերություններում, որտեղ այդ խնդիրը լռության չի մատնվում, աշխատակիցները աջակցություն են զգում, ավելի արդյունավետ են աշխատում եւ չեն հեռանում աշխատավայրից, ավելանում է արտադրողականությունը։ Իսկ Օքսֆորդի համալսարանի գիտնականները ապացուցել են  «ուժեղ դրական կապը աշխատակիցների փսիխոֆիզիկական վիճակի եւ ընկերության ցուցանիշների միջեւ»։