Արտամարմնային բեղմնավորման շուրջ վիճակը փոխվում է ամբողջ աշխարհում։ Ապագայում այն ավելի լայնորեն կկիրառվի,- համոզված է անվանի պրոֆեսոր, COGI կոչվող ամենամյա համաեվրոպական կոնգրեսի հիմնադիր նախագահ Զիոն Բեն Ռաֆայելը։ Նա Հայաստանի պտղաբերության կենտրոնի նախագահի հրավերով Երևանում է։ Ծանոթանում է կենտրոնի աշխատանքին, դիտարկումներ անում, կիսվում տպավորություններով։ 

«Կարծում եմ, որ շատ լավ աշխատանք են կատարում՝ պրոֆեսիոնալ են իրենց գործում։ Կան նաև բոլոր անհրաաժեշտ ծառայությունները։ Սակայն որոշ փոփոխություններ կարելի է անել», – ասում է նա։

Զիոն Բեն Ռաֆայելին կրկին Երևան հրավիրելու գաղափարը Էդուարդ Համբարձումյանի մոտ ծնվել է Հայաստանի վերարտադրողական բժշկության ասոցիացիայի 22-րդ տարեկան գիտաժողովի ժամանակ։ 2025 թվականին նրա այցերը Պտղաբերության կենտրոն ավելի հաճախակի կլինեն։ Երկու երեք ամիսը մեկ կժամանի ու կքննարկեն կարևոր հարցեր։

«Այն չստացված դեպքերը, որոնք որ լինում են, մեր բոլորի պրոբլեմն է, ամբողջ աշխարհի պրոբլեմն է և մեր կենտրոնի պրոբլեմն է։ Այն զույգերը, որ փորձում են մեկ, երկու, երեք անգամ և չի ստացվում խնդիրները դրանց լուծելը, որն է։ Այն զույգերը, որ նույնիսկ հղիանում են, բայց անընդհատ վիժում են փոքր ժամկետներում, կրկնվող վիժումներ։ Սրանց շուրջ։ Այս խմբի շուրջ ենք ուզում մեկ տարի միասին  աշխատենք, հետո կտեսնենք ինչ արդյունքների կգանք։ Էդ գորշ զոնան 50 տոկոսն է երևի զբաղեցնում։ Նոր ինքն էլ էր ասում, որ  շատ բաներ կան, որ ապացուցված չեն դեռ՝ 40 տարի էլ անց, բայց շատ բաներ կան, որ կարծես, թե ապացուցված են, բայց ճիշտ չեն, մենք նորից պետք է վերանայենք, որովհետև կյանքն է ցույց տալիս և փորձն է ցույց տալիս։ Այսինքն, իրականում մենք ասելիքներ ունենք, անելիքներ ունենք», – ասում է Էդուարդ Համբարձումյանը։

Իսկ այս այցի ընթացքում անվանի գիտնականն առաջարկել է կրճատել պացիենտների այցելությունների քանակը կենտրոն, բուժման ընթացքում կիրառել նոր դեղեր, հատուկ ուշադրություն դարձնել լաբորատոր հետազոտություններին, որ արդյունքները լինեն ճշգրիտ։

Անվանի պրոֆեսորը կարևոր է համարում պտղաբերության ոլորտում նոր երևույթի՝ ձվաբջիջների սոցիալական սառեցումը։ Կանայք այսօր ավելի ուշ են ամուսնանում, հետաձգվում է երեխա ունենալու հարցը, իսկ 35 տարեկանից հետո հղիանալու հավանականությունը խիստ նվազում է։ Հայաստանում այս խնդիրը դեռ սուր չէ, քանի որ այստեղ եվրոպական երկրների համեմատ ավելի շուտ են երեխա ունենում՝ միջինը 26 տարեկանում։

«Մենք 30 տարեկանից բարձր կանանց խորհուրդ ենք տալիս սառեցնել ձվաբջիջները, որոնք հետաձգում են երեխա ունենալը։ Ձվաբջիջը պետք է սառեցնել մինչև 35 տարեկանը, սակայն ոչ 20-ում։ Դա անիմաստ է և ավելորդ ծախս։ Եթե 38 տարեկան եք, իսկ ձվաբջիջը սառեցվել է 34-ում, ստանում եք 34 տարեկանի արդյունք։ Արևմուտքում սառեցումը բում է ապրում, շատ կանայք են դրան դիմում, բայց դա վճարովի ծառայություն է։ Եթե անվճար լիներ, կարելի էր բոլորինը սառեցնել, բայց անվճար չէ», – ասում է Բեն Ռաֆայելը։

Մանրամասները՝ տեսանյութում։