Քվինսլենդի համալսարանի և այլ գիտական հաստատությունների ավստրալացի գիտնականները տարանտուլա սարդերի և թրապոչ խեցգետնի մեջ հայտնաբերել են միացություններ, որոնք կարող են միջոց լինել սաստկացած մելանոմայի դեպքում դեղերի դիմադրողականությունը հաղթահարելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Pharmacological Research (PharmRes) գիտաբժշկական հանդեսում:
Նախակլինիկական թեստերը ցույց են տվել, որ երկու շատ նման պեպտիդներ ոչ միայն ոչնչացնում են մելանոմայի դիմացկուն բջիջները, այլև քաղցկեղը չի կարողանում դիմադրողականություն մշակել այդ նյութերի նկատմամբ։
Մասնագետների կարծիքով, տարանտուլաներն ու թրապոչ խեցգետինները միացություններ են ստեղծել բակտերիալ վարակների դեմ պայքարելու համար: Մոլեկուլները գործում են բակտերիաների բջջային մեմբրանների վրա։
Գիտնականների թիմը մոդիֆիկացրել է պեպտիդները և դրանք կիրառել մկների քաղցկեղի բջիջների վրա, որտեղ նյութերը գործել են նույն կերպ: Նրանք հարձակվել են քաղցկեղի բջիջի մեմբրանի վրա՝ չվնասելով առողջ հյուսվածքները։
Թիմն ակնկալում է, որ մոլեկուլների բարելավման համար անհրաժեշտ հետագա հետազոտությունները կտևեն առնվազն հինգ տարի: Դրանից հետո հնարավոր կլինի անցնել մարդկանց վրա կլինիկական փորձարկումներին։






