«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում, հեռակառահար ճառագայթային թերապիայից զատ, իրականացվում է նաև կոնտակտային ճառագայթային թերապիա կամ բրախիթերապիա: Թերապիան իրագործվում է Varian ընկերության հատուկ Bravos սարքի միջոցով՝ իրիդիումի ռադիոակտիվ իզոտոպի կիրառմամբ։ Այս ժամանակակից սարքավորումը հնարավորություն է ընձեռում ճշգրիտ հաշվարկել ճառագայթման չափաբաժինը և նվազեցնել կողմնակի ազդեցությունները։

vrach.jpg (44 KB)

Կենտրոնի ճառագայթային ուռուցքաբան Նատալյա Կորնիևսկայան NEWS.am Medicine-ին պարզաբանում է՝ ինչ է բրախիթերապիան և ինչպես է այն իրագործվում։

Ի՞նչ է բրախիթերապիան

Բրախիթերապիան ճառագայթային թերապիայի բարձր ճշգրտության կոնտակտային եղանակ է, երբ իոնացնող ճառագայթման աղբյուրը կիրառվում է ուղղակիորեն ուռուցքային հյուսվածքի վրա կամ տեղակայվում է ուռուցքին մոտ՝ ոչնչացնելով այն ներսից:

Դրա հիմնական առավելությունը ճառագայթման առավելագույն չափաբաժիններն ուղղակիորեն ուռուցքին հասցնելու հնարավորությունն է՝ շրջակա առողջ օրգանների և հյուսվածքների վրա նվազագույն ազդեցությամբ, ինչպես նաև՝ կարճ ժամանակում ճառագայթում հաղորդելու կարողությունը:

Ո՞ր հիվանդությունների դեպքում է կիրառվում բրախիթերապիան

Բրախիթերապիան գինեկոլոգիական քաղցկեղ ունեցող պացիենտների բուժման ոսկե ստանդարտն է և լայնորեն կիրառվում է արգանդի վզիկի, արգանդի, հեշտոցի և ամոթույքի քաղցկեղի դեպքում:

«Բրախիթերապիան լավագույն թերապևտիկ տարբերակն է պերիորբիտալ հատվածում, քթի և ականջների մաշկին տեղակայված ոչ մելանոմային չարորակ նորագոյացություններով հիվանդների բուժման համար, քանի որ վիրաբուժական միջամտությունը միշտ չէ, որ հանգեցնում է բավարար կոսմետիկ և ֆունկցիոնալ արդյունքների: Նույնը վերաբերում է կոպերի չարորակ նորագոյացություններին, վերին և ստորին շուրթերի կարմիր եզրագծի քաղցկեղին։ Այս իրավիճակներում ընտրության մեթոդը բրախիթերապիան է»,- ասում է բժիշկը։

Բացի դրանից, բրախիթերապիան լայնորեն կիրառվում է շագանակագեղձի, կերակրափողի, բրոնխների, հետանցքի և կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեջ։

DSC_8573.jpg (1.30 MB)

Բրախիթերապիայի տեսակները

Ըստ ռադիոնուկլիդային աղբյուրի առաքման եղանակի՝ բրախիթերապիան բաժանվում է 2 խմբի.

  • ներհյուսվածքային (երբ աղբյուրը ներմուծվում է ուռուցքային հյուսվածքի մեջ)
  • կոնտակտային (երբ ռադիոակտիվ աղբյուրն ուռուցքին մոտ է):

Կոնտակտային բրախիթերապիան իր հերթին բաժանվում է.

  • ներխոռաչայինի (ավելի հաճախ գինեկոլոգիական քաղցկեղի դեպքում),
  • ներկուսանցքայինի (կերակրափողի և բրոնխների քաղցկեղի դեպքում)
  • մաշկի մակերեսային (ապպլիկացիոն) բրախիթերապիայի (մաշկի քաղցկեղի դեպքում)

Բրախիթերապիան իրականացվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ հեռահար ճառագայթային թերապիային զուգահեռ։ Առանձին ռեժիմում բրախիթերապիան կիրառելի է մաշկի քաղցկեղի 1-ին և 2-րդ փուլերի դեպքում. ցածր ռիսկի պացիենտների շագանակագեղձի քաղցկեղի համար և որպես ռադիկալ վիրահատությունից հետո ճառագայթման հետվիրահատական ընթացք: Գինեկոլոգիական ուռուցքաբանության մեջ բրախիթերապիան հիմնականում զուգակցվում է հեռահար ճառագայթային թերապիայի հետ։

«Բրախիթերապիան, որպես կանոն, չի զուգակցվում պոլիքիմիաթերապիայի կուրսերի հետ, քանի որ նման բուժումը բավականին թունավոր է։ Հաշվի առնելով այն կարճ ժամանակահատվածը, որի ընթացքում իրականացվում է բրախիթերապիան, այն կարող է իրականացվել պոլիքիմիաթերապիայի կուրսերի ընդմիջումների ընթացքում»,- բացատրում է Կորնիևսկայան։

Ինչպե՞ս է կատարվում բրախիթերապիան

Բժիշկը հատուկ ապլիկատորներ կամ ինտրաստատներ է տեղադրում ուռուցքից տուժած օրգանի կամ հյուսվածքի մեջ, որի մեջ էլեկտրամեխանիկորեն մատակարարվում է իրիդիումի ռադիոակտիվ իզոտոպը: Ռադիոիզոտոպը արձակում է գամմա ճառագայթում, որը վնասում է ուռուցքային բջիջների ԴՆԹ-ն՝ կանխելով դրանց տրոհումն ու աճը։

бр4.jpg (58 KB)

Ճառագայթման սեանսից հետո ռադիոակտիվ աղբյուրը վերադարձվում է պահեստարան, բժիշկը հեռացնում է ապլիկատորը, և պացիենտը նույն օրը կամ հաջորդ օրը ինքնուրույն լքում է կլինիկան:

«Պացիենտի ներսում ճառագայթող տարրեր չկան, նա ուրիշների համար վտանգավոր չէ»,- նշում է բժիշկը։

Բուժման տևողությունը

Իրիդիումի ռադիոակտիվ իզոտոպը բարձր ակտիվության աղբյուր է։ Նման աղբյուրի օգտագործումը ժամանակակից բրախիթերապիայի սարքերում հնարավորություն է ընձեռում բուժումն իրականացնել կարճ ժամանակահատվածում։

Օրինակ, 1-2 փուլի մաշկի քաղցկեղը կարող է բուժվել բրախիթերապիայի միջոցով 7-8 սեանսների ընթացքում, ինչը կլինիկայում 1,5 շաբաթ տևող ամենօրյա ամբուլատոր բուժում է:

Շագանակագեղձի քաղցկեղը ցածր ռիսկային պացիենտների մոտ կարող է բուժվել բրախիթերապիայի 2 սեանսով:

Բրախիթերապիայի նախապատրաստում

Բրախիթերապիայի նախապատրաստումը կախված է ուռուցքի տեղայնացումից:

Օրինակ, մաշկի քաղցկեղը հատուկ նախապատրաստություն կամ ցավազրկում չի պահանջում: Մաշկի ներհյուսվածքային բրախիթերապիայի ժամանակ, երբ ճկուն պլաստիկ ինտրաստատները տեղակայվում են մաշկի ուռուցքի մեջ, ինֆիլտրացիոն անզգայացումն իրականացվում է լիդոկաինի լուծույթով կամ այլ անզգայացնող միջոցով:

бр5.jpg (81 KB)

Արգանդի վզիկի և արգանդի քաղցկեղի բրախիթերապիան իրականացվում է ներերակային կամ ողնուղեղային անզգայացման պայմաններում:

Շագանակագեղձի քաղցկեղի բրախիթերապիան իրականացվում է միայն ողնուղեղային անզգայացման պայմաններում:

«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում բրախիթերապիայի նախապատրաստման, ցավազրկման, ճառագայթումից հետո հնարավոր ճառագայթային ռեակցիաների բոլոր հարցերը բժիշկը հիվանդի հետ քննարկում է նախնական խորհրդատվության փուլում։

Արդյունավետությունը

Բրախիթերապիան հնարավորություն է ընձեռում ուռուցքի ճառագայթման չափաբաժինը հասցնել ուռուցքային բջիջների համար մահացու չափաբաժնի:

Բրախիթերապիայի հակացուցումները

Բրախիթերապիայի հակացուցումներն են

  • ուռուցքային ախտահարման մեծ ծավալ
  • բազմակի մետաստազներ
  • տարաբնույթ վիրախորշեր
  • ուղեկցող հիվանդություններ դեկոմպենսացիայի փուլում

Ինչպես պարզաբանում է Նատալյա Կորնիևսկայան, ներկայում ուռուցքի մեջ ապլիկատորի կամ ինտրաստատների տեղակայումը վերահսկելու համար կիրառվում են համակարգչային տոմոգրաֆիա (CT) կամ մագնիսառեզոնանսային շերտագրություն (MRI) և բժշկական ֆիզիկոսի հետ համատեղ իրականացվում է ուռուցքի ծավալում չափաբաժնի բաշխման եռաչափ դոզիմետրիկ պլանավորում:

fizik.jpg (53 KB)

Սա հնարավորություն է ընձեռում բարելավել տեղային ուռուցքային հսկողությունը և, հետևաբար, բարելավել պացիենտի ապրելիությունը:

Այսպիսով, բարձրորակ բրախիթերապիայի համար անհրաժեշտ է.

  • ժամանակակից սարք
  • ռադիոակտիվ աղբյուր, որը պետք է փոխարինվի 3-4 ամիսը մեկ
  • թանկարժեք ապլիկատորների մեծ գրադարան
  • պատկերման գործիքներ՝ CT կամ MRI
  • բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմ

 

бр8.jpg (101 KB)