Արարատի մարզի «Արտաշատի» բժշկական կենտրոնի բժիշկներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, այսօր մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպում են ունեցել, ներկայացրել իրավիճակը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, NEWS.am–ի հետ զրույցում պատմեց բժշկական կենտրոնի բուժաշխատողներից մեկը։

«Վերջին անգամ սեպտեմբերին ենք աշխատավարձ ստացել, ասացին, որ երևի դեկտեմբերի 27-ին կստանանք վերջին ամիսների աշխատավաձը, բայց վստահ չեմ։ Կարծում եմ, որ այս ամիս էլ չեն տա»,–ասաց բուժաշխատողը՝ հավելելով, որ չգիտեն այլևս՝ ինչ անել։

NEWS.am–ի տեղեկություններով, «Արտաշատ» ԲԿ–ի բուժաշխատողների աշխատավարձերը կրճատվել են, ինչի պատճառով շատ բուժաշխատողներ ցանկանում են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հիվանդանոցում խնդիրներ էին առաջացել աշխատավարձերի վճարման հետ կապված։ Հունիսին ԲԿ աշխատակիցները բողոքել էին, որ փետրվար–մարտ ամիսներին ընդամենը մի քանի բժիշկ է ստացել աշխատավարձ՝ այն էլ մասամբ,  ապրիլի աշխատավարձն էլ ընդհանրապես ոչ ոք  չէր ստացել:  Տնօրինությունից նրանց ասել էին, որ նախարարությունից ֆինանսավորումը մասամբ են ստացել։ Երկար պայքարից հետո բուժաշխատողները ստացան նախորդ ամիսների աշխատավարձերը, սակայն խնդիրը վերջնական լուծում այդպես էլ չստացավ։

Երկու ամիս առաջ «Արտաշատ» բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը  իր դիմումի համաձայն հեռացավ պաշտոնից։