Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամը հայտարարել է Հայաստանի առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը նվիրված եռամսյակային դրամաշնորհային մրցույթի հաղթողների անունները։ Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են հիմնադրամի մամլո ծառայությունից։

«Հավատարիմ մնալով առողջապահական առաջնային օղակի բարեփոխման պետական ռազմավարությանը՝ այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է  առողջության ընդհանուր իրավիճակի բարելավման և Հայաստանի բնակչության տևական բարեկեցության ապահովման համար։ Նոր դրամաշնորհառուները կյանքի կկոչեն առողջության առաջնային պահպանման օղակի ամրապնդմանը միտված ծրագրեր՝ աջակցելով էլեկտրոնային համակարգին անցմանը, բարելավելով մոր և մանկան առողջապահական ծառայությունները, թիրախավորելով ոչ վարակիչ հիվանդությունները և զարգացնելով արտակարգ իրավիճակներին պատրաստվածության մակարդակը մարզերում։       

Մեր ծրագրի առաջարկների վերջին կանչը նշանակալի ուշադրության արժանացավ առողջապահության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող կազմակերպությունների շրջանում․ արդյունքում, այս շրջափուլում ստացանք դրամաշնորհային ծրագրի 44 դիմում-հայտ։ Հիմնադրամի թիմը տպավորված էր դիմորդների ներկայացվածությամբ և ծրագրի առաջարկների բազմազանությամբ։ «Ծրագրի հայտեր ենք ստացել առողջապահության ոլորտում գործող ինչպես կայացած, այնպես էլ նորաստեղծ կազմակերպություններից՝ Երևանից մինչև Հայաստանի մարզեր և Միացյալ Նահանգներ։ Դրանք նորարական լուծումներ են առաջարկում Հայաստանի տևական մարտահրավերներին՝ ընտրության գործընթացն էլ ավելի բարդացնելով»,- նշում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը։ Դիմորդներն ընդգրկում են ընդարձակ շրջանակ՝ ներառելով 19 սփյուռքահայ (43%), 14 տեղական` Երևանից և մարզերից (32%), կազմակերպություն և 11 հանրային առողջապահական հաստատություններ ու մարզային առողջության կենտրոններ (25%)։

Մանրակրկիտ գնահատման գործընթացի արդյունքում Հիմնադրամն ընտրեց բացառիկ ծրագրերի առաջարկները, որոնք համահունչ են Հիմնադրամի ռազմավարական նպատակներին և աչքի են ընկնում Հայաստանի առողջության առաջնային պահպանման օղակում առկա բացերը հասցեագրելու կարողությամբ ու պատրաստվածությամբ։ Ընտրված ծրագրերից յուրաքանչյուրն առաջարկում է իրագործման հստակ նախագիծ, չափելի արդյունք և շարունակականության երաշխիք՝ մեկտեղելով իրենց փորձառությունն ու համագործակցությունները ազդեցիկ և ծախսարդյունավետ լուծումներ ապահովելու նպատակով։ Այս ծրագրերը Հայաստանի առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման համար ընդհանուր առմամբ շուրջ 250,000 ԱՄՆ դոլարի ներդրում են ենթադրում։ Այսպիսով, դրամաշնորհային մրցույթի հաղթողներն են․

  • Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ)․ այն կտրամադրի թվային կարողությունների զարգացման դասընթացներ առաջնային առողջության պահպանման ոլորտում աշխատող 1,200 բժիշկների, բուժքույրերի և բուժեղբայրների Հայաստանի բոլոր մարզերում՝ նրանց աջակցելով առողջապահական համակարգի թվայնացման գործընթացում։
  • Հայկական ակնաբուժական նախագիծը  (Armenian EyeCare Project)․ այն կհիմնի Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի՝ Աչքի ախտորոշման կլինիկա Գորիսի Առողջության կենտրոնում։ Աչքի խնամքից զատ, կլինիկան կկենտրոնանա նաև դիաբետով պայմանավորված բարդությունների վաղ բացահայտման և վերահսկողության վրա։ Կլինիկայի գործունեությունը կընդգրկվի Գորիսի առողջության կենտրոնի կողմից տրամադրվող ծառայությունների կազմում՝ ապահովելով ծրագրի շարունակականությունը և դիաբետի ու աչքի խնամքի հասանելիություն Գորիս և Սիսիան համայնքների բնակիչների համար։
  • Հայաստանի խաղաղության նախաձեռնությունը Armenia Peace Initiative-ը․ այն կիրականացնի ՆԱՏՕ-ի MARCH պրոտոկոլի առաջին օգնության դասընթացներ Տավուշի սահմանամերձ համայնքների բուժաշխատողների և բնակիչների համար՝ յուրաքանչյուր գյուղում պատրաստվածության մակարդակն ընդլայնելով 1 անհատից մինչև 20-ի, ինչպես նաև դասընթացի յուրաքանչյուր մասնակցին և գյուղերի առանցքային հաստատություններին առաջին օգնության գործիքակազմ կտրամադրի։

Հիմնադրամը, ամփոփելով դրամաշնորհների երրորդ եռամսյակը, այժմ անցում է կատարել աշխատուժի զարգացմանը՝ որպես առաջնահերթ ոլորտ։ Աշխատուժի զարգացմանը միտված ծրագրերի հայտերն ընդունվում են մինչև սույն թհօվվականի դեկտեմբերի 31-ը։

Դրամաշնորհային ծրագրերի և առաջիկա առաջնահերթ ոլորտների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր կայք՝ www.hovnanianfoundation.org։