Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, որ մարմնի քաշը, գոտկատեղի շրջագիծը և ճարպի շերտը զգալիորեն նվազեցնելու համար անհրաժեշտ է աերոբիկ ակտիվություն շաբաթական 150 րոպե  կամ օրական 20-25 րոպե: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Բազմաթիվ գիտական ​​հետազոտություններ ցույց են տվել, որ աերոբիկ ֆիզիկական ակտիվությունը՝ ցածր ինտենսիվությամբ վարժությունները, ամենաարդյունավետն է ավելորդ ճարպը նվազեցնելու համար: Սակայն այն հարցը, թե ինչ ծավալի աերոբիկ վարժություն է պահանջվում կլինիկական նշանակալի արդյունքների հասնելու համար, մինչև հիմա բաց էր մնացել:

Սրան պատասխանելու համար գիտնականները վերլուծել են նախկինում հրապարակված 116 կլինիկական հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել են 6880 ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մեծահասակներ: Բոլոր ընտրված ուսումնասիրություններում կամավորները տարբեր վարժությունների ծրագրեր են կատարել առնվազն ութ շաբաթ:

Արդյունքները ցույց են տվել, որ միջին և բարձր ինտենսիվությամբ (շաբաթական մինչև 300 րոպե) կանոնավոր աերոբիկ վարժությունները հանգեցնում են մարմնի քաշի և օրգանիզմում ճարպի տոկոսի գծային նվազմանը: Սակայն մարմնի կազմում էական փոփոխությունները տեղի են ունենում անգամ  շաբաթական 150 րոպե աերոբիկ ակտիվության դեպքում: 

Ինչպես նշում են հետազոտողները, քաշի կայուն նվազման հասնելու համար շաբաթական երեք անգամ 50 րոպեով կամ օրական ընդամենը 20-25 րոպե մարզվելը բավարար է։ Այս մոտեցումն օգնում է արդյունավետորեն պայքարել ավելորդ քաշի և ճարպակալման դեմ։