Հետազոտողները օստեոսարկոմայի՝ ոսկրային քաղցկեղի հազվագյուտ ձևի, երեք տարբեր ենթատեսակներ են հայտնաբերել՝ օգտագործելով առաջադեմ մաթեմատիկական մոդելավորումը և մեքենայական ուսուցման տեխնիկան: Այս հայտնագործությունը, որն արել է Արևելյան Անգլիայի համալսարանի (UEA) մասնագետների խումբը, կարող է հեղափոխություն անել  քաղցկեղի այս տեսակի  բուժման մեջ, որը հիմնականում ախտահարում է երեխաներին և դեռահասներին, գրում է UEA-ն։

Պատմականորեն այնպես է ստացվել, որ օստեոսարկոմայով հիվանդներին բուժում են միասնական պրոտոկոլներով, որի մեջ մտնում են քիմիաթերապիան և վիրահատությունը, ինչը հաճախ հանգեցնում է  ոչ միանշանակ արդյունքների, հաղորդում է Focus-ը: Նոր մեթոդը, որը  «թաքնված գործընթացի տարրալուծում» (LPD) անվանումն է ստացել, թույլ է տալիս հիվանդներին դասակարգել ենթախմբերի՝ հիմնված գենետիկ տվյալների վրա՝ ճանապարհ հարթելով բուժման անհատականացված մոտեցումների համար:

Բժիշկ Դարել Գրինը, հետազոտության հեղինակ UEA-ից, նշում է, որ օստեոսարկոմայի բուժումը լճացել է 1970-ականներից, երբ ստանդարտ բուժումը  ոչ նպատակային քիմիաթերապիան և վիրահատությունն էին, ինչը երբեմն հանգեցնում էր ծանր կողմնակի ազդեցությունների, ինչպիսին վերջույթների անդամահատումն է: Վերջին 50 տարվա ընթացքում օստեոսարկոմայի բուժման նոր դեղամիջոցների կլինիկական փորձարկումները հաճախ անհաջող են անվանվել: Սակայն բժիշկ Գրինը նշել է, որ այս դեղամիջոցները արդյունավետություն են ցուցաբերել հիվանդների փոքր խմբի մոտ, ինչը ցույց է տալիս, որ կան ենթատեսակներ, որոնք կարող են օգուտ քաղել նպատակային բուժումից: LPD մեթոդի օգտագործմամբ հիվանդներին ենթատիպերի դասակարգելու հնարավորությունը կարող է ավելի ճշգրիտ և արդյունավետ բուժման փորձարկումներ ապահովել՝ տասնամյակների ընթացքում առաջին անգամ հանգեցնելով կլինիկական հաջողության:

Հետազոտությունը, որը հրապարակվել է «Briefings in Bioinformatics» ամսագրում, ֆինանսավորվել է «Children with Cancer UK» առաջատար բարեգործական կազմակերպության կողմից, որը նվիրված է մանկական քաղցկեղի հետազոտության առաջխաղացմանը: Դոկտոր Սուլթանա Չոուդհուրին, բարեգործական կազմակերպության հետազոտությունների ղեկավարը, շեշտել է նման հետազոտություններում ներդրումների կարևորությունը՝ երեխաների և դեռահասների համար ավելի մեղմ և արդյունավետ բուժում գտնելու համար: Նա լավատեսություն է հայտնել, որ աշխատանքը կբարելավի երիտասարդ հիվանդների ախտորոշումը, բուժումը և երկարատև խնամքը՝ նրանց գոյատևման ավելի լավ հեռանկարներ տալով:

Օստեոսարկոմայի դեպքում ընդհանուր գոյատևումը վերջին 45 տարվա ընթացքում մնացել է մոտ 50% մակարդակի վրա՝ մասամբ պայմանավորված այս քաղցկեղի ենթատեսակների և դրա դիմադրողականության մեխանիզմների սահմանափակ ըմբռնմամբ: Ենթատեսակների կանխատեսման ավանդական մոդելները բախվում են դժվարությունների՝ մեկ ուռուցքի սահմաններում քաղցկեղի բջիջների տարասեռության պատճառով: LPD նոր մոդելը հաղթահարում է այս դժվարությունները՝ բացահայտելով գեների ակտիվության թաքնված օրինաչափությունները և բացահայտելով ուռուցքի ֆունկցիոնալ վիճակները, որոնք տարբեր կերպ են արձագանքում բուժմանը:

Հետազոտության ուշագրավ արդյունքներից մեկը այն ենթատեսակի հայտնաբերումն էր, որը բավականին վատ է արձագանքում MAP քիմիաթերապիայի ստանդարտ սխեմային: Այս տվյալների հիման վրա հիվանդներին խմբավորելով՝ բժիշկները կկարողանան ավելի արդյունավետ կերպով հարմարեցնել բուժումը, ասում են հեղինակները: Չնայած սահմանափակումներին, ինչպիսիք են տվյալների փոքր հավաքածուները և թերի կլինիկական ցուցումները, հետազոտողները փորձարկել են LPD մոդելը չորս անկախ տվյալների հավաքածուների վրա: Դոկտոր Գրինը նշել է, որ ներկայումս աշխատանքներ են տարվում իրենց հավաքածուի ընդլայնման և մոդելի կատարելագործման ուղղությամբ՝ դասակարգման հետագա ճշտգրման համար: Նրանց արդյունքները ոչ միայն հույս են տալիս օստեոսարկոմայի դեպքում արդյունքների բարելավման համար, այլև համանման ձեռքբերումների նախադեպ են ստեղծում այլ հազվագյուտ և բարդ քաղցկեղային հիվանդությունների դեպքում: