Գիտնականների միջազգային թիմը՝ Ազգային հետազոտական ​​համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի լեզվի և ուղեղի կենտրոնի հետազոտողների մասնակցությամբ, բացահայտել է աֆազիայով հիվանդների մոտ ժամանակի քերականական կարգի արտահայտման դեպքում խանգարումների պատճառները: Պարզվել է, որ խոսքի խանգարումներ ունեցող մարդկանց համար դժվար է ինչպես ճամանակի գաղափարը ձևավորելը, այնպես էլ բայի ճիշտ ժանմանակձևն ընտրելը։ Բայց թե որ գործընթացն է նրանց համար ավելի դժվար՝ կախված է խոսողի լեզվից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aphasiology ամսագրում:

Աֆազիան խոսքի ծանր խանգարում է, որը հաճախ առաջանում է կաթվածից հետո, որի դեպքում մարդը կորցնում է կապակցված խոսելու ունակությունը: Մասնավորապես, դա կարող է արտահայտվել բայի ժամանակաձևերի սխալ օգտագործմամբ, այսինքն՝ մարդու համար դժվար է խոսել անցյալի կամ ապագայի իրադարձությունների մասին, հայտնում է «Научная Россия» պորտալը։ Սա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել առօրյա հաղորդակցության մեջ։

Ռուսաստանի, Հունաստանի, Իտալիայի, ԱՄՆ-ի և Նորվեգիայի համալսարանների գիտնականները փորձ են անցկացրել՝ պարզելու, թե ինչու են նման դժվարություններ առաջանում։ Հետազոտողները ենթադրել են, որ ժամանակի քերականական կարգի արտահայտման խանգարումները կարող են կապված լինել երկու տարբեր գործընթացների՝ կոդավորման և արտաբերման հետ: Կոդավորման ընթացքում խոսողը ձևավորում է ժամանակի գաղափարը՝ արդյո՞ք, գործողությունը տեղի է ունենում անցյալում, ներկայում, թե ապագայում: Արտաբերման ընթացքում մարդը ընտրում է բառի ճիշտ ձևը այս ժամանակը ներկայացնելու համար: Որոշելու համար, թե ինչպես է այս գործընթացներից յուրաքանչյուրն ազդում խոսքի վրա, գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել են աֆազիայով մարդիկ, որոնք խոսել են չորս տարբեր լեզուներով՝ հունարեն, ռուսերեն, իտալերեն և անգլերեն: Այս լեզուները պատահական չեն ընտրվել. դրանցում բայի ժամանակաձևերը  տարբեր կերպ են կառուցվում։ Սա հնարավորություն է տալիս տեսնելու, թե լեզվի որ առանձնահատկություններն են ազդում աֆազիա ունեցող հիվանդների ժամանակաձևերի կոդավորման և արտաբերման վրա:

Ախտորոշման համար գիտնականները մշակել են նախադասությունները լրացնելու երկու առաջադրանք: Առաջինում մասնակիցներին առաջարկել են լրացնել նախադասությունների բացերը, որոնք պահանջում էին ինչպես կոդավորման, այնպես էլ արտաբերման գործընթացներ: Մասնակիցները պետք է լրացնեին նախադասությունը ըստ մոդելի՝ հաշվի առնելով բայի ժամանակաձևի փոփոխությունը։ Օրինակ՝ «Երեկ այգեպանը ջրեց ծաղիկները։ Վաղը այգեպանը... ծաղիկները»։ Երկրորդ առաջադրանքը պահանջում էր լրացնել նախադասությունը՝ առանց բայի ժամանակաձևի փոփոխության: Մասնակիցը տեսնում էր «ջրել բույսերը» արտահայտությունը և լսում «այգեպանը հիմա սունկ է հավաքում» օրինակը։ Այնուհետև նրան խնդրում էին նախադասությունը սկսել «այգեպանը հիմա...»-ով, որը պետք է ավարտվեր «ջրել բույսերը» արտահայտությամբ, սակայն ճիշտ ժամանակձևով, այսինքն՝ «ջրում է բույսերը»։

Համեմատելով այս առաջադրանքներից յուրաքանչյուրի արդյունքները՝ հետազոտողները կարող էին պարզել, թե ո՞ր՝ կոդավորմա՞ն, թե՞ արտաբերման, փուլում են հիվանդների մոտ հիմնական դժվարություններն առաջանում:

Պարզվել է, որ մասնակիցների մեծամասնությունը խանգարումներ է ունեցել ժամանակաձևերի թե՛ կոդավորման և թե՛ արտաբերման ժամանակ, սակայն այդ խանգարումների արտահայտման աստիճանը կախված է եղել լեզվից և կոնկրետ մարդուց: Օրինակ, ռուսախոս և անգլիախոս մասնակիցներն ավելի հաճախ դժվարություններ են ունեցել արտաբերման առաջադրանքում, մինչդեռ հունարեն և իտալերեն խոսողներից ոմանք դժվարացել են կոդավորման փուլում: Հետաքրքիր է, որ ժամանակի որոշման խանգարումները դրսևորվել են ընտրովի. որոշ հիվանդների մոտ ավելի դժվար է եղել անցյալ ժամանակը, իսկ մյուսների մոտ՝ ապագան ներկայացնելը:

«Այս արդյունքները հատկապես կարևոր են հասկանալու համար, որ աֆազիայով հիվանդները կարող են տարբեր կերպ կորցնել ժամանակն արտահայտելու կարողությունը՝ կախված այն լեզվի առանձնահատկություններից, որով խոսում են։ Այժմ մենք կարող ենք ավելի ճշգրիտ գնահատել, թե ժամանակի որ կողմերն են առավել դժվարություններ հարուցում հիվանդների համար, և սկսել թերապիայի ավելի անհատական ​​մոտեցումներ մշակել»,- պատմել է է հոդվածի հեղինակներից մեկը՝  լեզվի և ուղեղի կենտրոնի գիտաշխատող Օլգա Բույվոլովան։

Ինչպես նշում են հետազոտողները, ուսումնասիրության հիմնական եզրակացությունները կարող են նաև կիրառական նշանակություն ունենալ նյարդավերականգնման համար։ Նախ, օգտագործելով այս փորձարարական մեթոդը, հնարավոր է բացահայտել բայի ժամանակաձևերի օգտագործման դժվարությունների հիմքում ընկած պատճառները: Սա նշանակում է, որ լոգոպեդներն ու նյարդահոգեբանները կկարողանան ավելի ուշադիր և արդյունավետ աշխատել հիվանդի հետ՝ նրա խոսքը վերականգնելու համար:

Երկրորդ, աշխատանքը օգնում է հասկանալ, թե ինչպես կարող են լեզուների միջև տարբերությունները ազդել աֆազիայի ախտանիշների վրա: Սա կարևոր է ստանդարտացված թեստերի և մեթոդների ստեղծման համար, որոնք հաշվի կառնեն խոսողի մայրենի լեզվի առանձնահատկությունները և, ի վերջո, աֆազիա ունեցող հիվանդների ավելի ճշգրիտ և համապարփակ ախտորոշման համար: