Շանդունի համալսարանի (Չինաստան) Ցիլու հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը առաջացնում է աղիների ֆլորայի բացասական փոփոխություններ, նպաստում է քրոնիկական բորբոքմանն օրգանիզմում, ավելացնում է սրտի հիվանդությունների հավանականությունը եւ խափանումներ է առաջացնում իմունային համակարգի աշխատանքում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Clinical Nutrition-ում (AJCN)։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը կապված է աղիներում մանրէների երեք ընտանիքի եւ 11 տեսակների թվաքանակի փոփոխության հետ։ Այդ փոփոխություններն առաջացնում են լորձաթաղանթի պատնեշի բորբոքում, ինչը հանգեցնում է ինտերլեյկինների՝ իմունային համակարգում կարեւոր դեր խաղացող մոլեկուլների բարձր մակարդակի։ Դա, իր հերթին, բարձրացնում է այնպիսի հիվանդությունների հավանականությունը, ինչպիսին են վարակները, ալերգիաները, ասթման, ինչպես նաեւ բորբոքային եւ աուտոիմունային խանգարումները։

Հետազոտությունը նաեւ հաստատել է ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգի կապը բացասական գենետիկական փոփոխությունների հետ, որոնք կարող են ազդել ուղեղի, իմունիտետի վրա եւ բարձրացնել ճարպակալման եւ հաստ աղիի քաղցկեղի առաջացման վտանգը։ Բացի այդ, պարբերական քրոնիկական բորբոքումը՝ պայմանավորված այդ սննդակարգով, համարվում է մետաբոլիկ համախտանիշի զարգացման կարեւոր գործոն, վիճակ, որն ուժեղացնում է օրգանիզմի ընկալունակությունը տարբեր հիվանդությունների հանդեպ։