ԱՄՆ-ում H5N1 թռչնագրիպից մարդու մահվան առաջին դեպքը գրանցվել է Լուիզիանայում։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է առողջապահության տեղի դեպարտամենտը։ «Լուիզիանայի առողջապահության դեպարտամենտը տեղեկացնում է ԱՄՆ-ում H5N1-ից [թռչնագրիպից] մարդու մահվան առաջին դեպքի մասին»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։ Դրանում նաեւ նշվել է, որ հիվանդը 65 տարեկանից մեծ էր, նա պառկած էր նահանգի հիվանդանոցում։

«H5N1-ից քեզ եւ ընտանիքիդ պաշտպանելու լավագույն միջոցը վիրուսի աղբյուրներից խուսափելն է, այսինքն՝ խուսափելը վայրի թռչունների եւ այլ կենդանիների հետ ուղիղ շփումից, որոնք վարակված են կամ կարող են վարակված լինել թռչնագրիպով»,- խորհուրդ է տալիս Լուիզիանայի առողջապահության դեպարտամենտը։

Թռչնագրիպն ԱՄՆ-ում առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Կարոլինայի նահանգում, վայրի թռչունների շրջանում, 2022թ. հունվարին, նույն թվականի հուլիսին վիրուսը գրանցվել է Կալիֆոռնիայում։ 2024թ. մարտին տեղեկացվել է կովերի վարակման մասին Տեխասի եւ Քանզասի նահանգներում։ Դրանից հետո հաստատվել է վարակման 66 դեպք մարդկանց շրջանում ամերիկյան 10 նահանգներում։