Գրիպի հզոր բռնկում է գրանցվել Թայվանում, հիվանդացության բաձրրակետը կանխատեսվում է ամսվա վերջին։ Ինչպես տեղեկացրել է Թայվանի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC), անցած շաբաթ կղզում նշվել է վարակման 127 հազար նոր դեպք, այդ թիվն անընդհատ աճում է։
Մինչ օրս վարակվածների շրջանում գրանցվել է մահվան 6 դեպք, 43-ի մոտ ախտորոշվել են գրիպի ծանր բարդություններ։ Առավել ծանր դեպքերը պայմանավորված են H1N1 գրիպի վիրուսով, որը հայտնի է նաեւ որպես խոզի գրիպ: Շտապօգնության բաժանմունքի հիվանդներին բաժին է ընկնում ընդհանուր դեպքերի 12,6 տոկոսը:
«Սպասվում է, որ բռնկումը տեղի կունենա լուսնային նոր տարվա ընթացքում կամ դրանից առաջ»,- Taipei Times-ը մեջբերել է CDC պաշտոնյայի խոսքերը:
Այս տարի չինական Նոր տարին հունվարի 29-ին է, իսկ Թայվանում տոնակատարությունները տեղի կունենան հունվարի 25-31-ին։ CDC-ի հաշվարկներով՝ մոտ 150 հազար մարդ գրիպով հիվանդանալու է բարձրակետ հանդիսացող շաբաթվա ընթացքում: Թայվանի բժիշկները կոչ են անում մարդկանց, հատկապես ռիսկի խմբում գտնվողներին (տարեցներ, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ) պատվաստվել, ինչպես նաեւ նախազգուշական միջոցներ ձեռնարկել եւ դիմակ կրել, հատկապես բժշկական հաստատություններ այցելելիս:






