Լոնդոնի Համալսարանական քոլեջի (UCL) գիտնականները հայտնաբերել են, որ օդանավակայանների մոտ ապրող մարդիկ, որոնք ենթարկվում են թռչող եւ վայրէջք կատարող ինքնաթիռների աղմուկի ազդեցությանը, կարող են ավելի հաճախ սրտի վիճակի վատացումներ ունենալ։
Գիտնականների թիմը նշել է, որ դա կարող է հանգեցնել սրտի նոպաների, կյանքին սպառնացող սրտի ռիթմի խանգարումների եւ ինսուլտի:
American College of Cardiology ամսագրում հրապարակված հետազոտությունը վերլուծել է 3 635 մարդու սրտի վիզուալացման տվյալները, որոնք ապրում են «Հիթրոու», «Գեթուիք», Բիրմինգհեմի կամ Մանչեսթրի օդանավակայանների մոտակայքում:
Օդանավերի աղմուկի ավելի բարձր մակարդակ ունեցող տարածքներում ապրողների սրտերը համեմատվել են ինքնաթիռների աղմուկի ավելի ցածր մակարդակ ունեցող տարածքներում ապրող մարդկանց սրտերի հետ:
Նրանք, ովքեր ապրել են աղմուկի բարձր մակարդակ ունեցող տարածքներում, ունեցել են ավելի կոշտ, հաստ սրտամկաններ, որոնք ավելի քիչ են կծկվել եւ ընդլայնվել եւ այնքան էլ արդյունավետ չեն եղել արյունը ամբողջ մարմնին մղելու համար:
Սա հատկապես առնչվել է նրանց, ովքեր գիշերը ենթարկվել են օդանավերի ավելի բարձր աղմուկի, ինչը, ըստ հետազոտողների, կարող է պայմանավորված լինել քնի խանգարումներով եւ գիշերը ավելի հաճախ տանը մնալով եւ, հետեւաբար, ավելի շատ են ենթարկվել աղմուկի: Ինքնաթիռի աղմուկի ազդեցությանը չենթարկված մարդկանց առանձին հետազոտությունները ցույց են տվել, որ սրտի այս տեսակ անոմալիաները կարող են հանգեցնել այնպիսի դեպքերի ռիսկի քառապատիկ աճի, ինչպիսին են սրտի նոպաները, կյանքին սպառնացող սրտի ռիթմի խանգարումները կամ ինսուլտը, այն մարդկանց համեմատ, որոնք չունեն այդ անոմալիաները:






