Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը «Շիրակացու Ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի հետ միասին հունվարի 8–ին իրականացրել է կամավոր դոնորների դոնորագրում։ Միջոցառման ընթացքում Ճեմարանի աշխատակիցները մեծ սիրով և պատրաստակամությամբ կամավորագրվեցին այս մարդասիրական գործին, մեծ հույս ունենալով, որ օրերից մի օր հենց իրենք կկարողանան փրկել մեկի կյանքը: Այս մասին հայտնում են Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրից։

Ռեեստրը, որը ստեղծվել է 1999թ. դեկտեմբերին, այսօր ունի կամավորագրված ավելի քան 35.000 դոնորներ, կատարվել է 44 փոխպատվաստում: Ցողունային բջիջների առաջին դոնորները կամավորագրվեցին 2000 թվականի հունվարի 8-ին, և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվեց որպես Ցողունային Բջիջների Դոնորների Օր:

Ցողունային բջիջներ են նվիրաբերել մեր հայրենակիցները Հայաստանից, Իրանից, Միացյալ Նահանգներից: Նրանց մեջ կան բուժաշխատողներ, զինվորականներ և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց միավորում է մարդասիրությունը և մերձավորին օգնելու մեծ ցանկությունը:

Հայկական Ռեեստրը Ոսկրածուծի Դոնորների Համաշխարհային կազմակերպության լիիրավ անդամ է և 26 ամյա գործունեության ընթացքում ռեեստրը առաջնորդվել է մեկ կարգախոսով՝ գործունության բոլոր ասպարեզներում հետևել միջազգային ստանդարտներին: 2006 թվականին ռեեստրի HLA տիպավորման լաբորատորիան ստացավ Եվրոպական Իմունոգենետիկների Ֆեդերացիայի (EFI) հավատարմագիր, որով և Հայաստան բերեց որակի հսկման միջազգային քննություններին մշտական մասնակցության մշակույթը, որը ցանկացած լաբորատորիայի որակի միակ ցուցանիշն է ամբողջ աշխարհում: Իսկ արդեն 2007 թվականին բացվեց ցողունային բջիջների հավաքման, մշակման և պահպանման բաժինը: Այսպիսով, ցողունային բջիջների հավաքումը հնարավոր եղավ իրականացնել Հայաստանում: