Գիտնականների հետազոտությունը լույս է սփռել լուրջ եւ կարեւոր մի խնդրի վրա, որին բախվում են տարեց մարդիկ հիվանդանոցում գտնվելու ժամանակ. սխալներ դեղերն ընդունելիս։ Պարզվել է, որ դուրս գրվելուց հետո նրանց մեծ մասը իրենց նշանակված դեղերն ընդունում է ոչ այնպես, ինչպես նշված է հրահանգում, ինչը կարող է նրանց կյանքը սպառնալիքի տակ դնել, գրել է MCKnights-ը։

Հետազոտողները վերլուծել են 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի 339 պացիենտների տվյալները, որոնք ընդունվել են ակադեմիական հիվանդանոց 2019թ. հունվարից մինչեւ 2020թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում: BMC Geriatrics ամսագրում հրապարակված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ պացիենտների գրեթե երկու երրորդը դեղորայքի պատվերների անհամապատասխանություններ է ունեցել, հատկապես մեկ բուժհաստատությունից մյուսը տեղափոխվելիս: Դուրս գրվելը ամենախնդրահարույց փուլն է եղել, եւ դեղորայքի պատվերի անհամապատասխանությունների 49 տոկոսը տեղի է ունեցել այս փուլում: Հիվանդանոց ընդունելություններին բաժին է ընկել նման սխալների 35 տոկոսը, իսկ 20 տոկոսը տեղի է ունեցել հիվանդներին մեկ հիվանդանոցից մյուսը տեղափոխելիս:

Անհամապատասխանությունների ճնշող մեծամասնությունը (96 տոկոս) առաջացել է դեղերի ոչ միտումնավոր բացթողումներով, որոնք պացիենտներն ընդունում էին նախքան հոսպիտալացումը, ընդ որում՝ սիրտ-անոթային դեղամիջոցները ամենատարածվածն են, որոնք կազմում են սխալների 45 տոկոսը: Հետազոտությունը նաեւ հայտնաբերել է դեղորայքային սխալների բարձր ռիսկի ենթարկված պացիենտների: Նրանք բազմաթիվ դեղատոմսեր ունեցող կամ հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժման համար դեղեր ընդունող մարդիկ են: Հետազոտողները նշել են, որ նման անհամապատասխանությունները կրկնապատկել են պացիենտների շտապօգնության բաժանմունք վերադառնալու հավանականությունը դուրս գրվելուց հետո 30 օրվա ընթացքում, նույնիսկ այլ գործոնների վերահսկումից հետո:

Հետազոտությունն անցկացվել է ինտենսիվ թերապիայի պայմաններում, հետեւել են հիվանդներին շտապօգնության բաժնի ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելուց մինչեւ ներհիվանդանոցային բաժին տեղափոխումն ու, վերջապես, դուրս գրվելը:

Հետազոտության հեղինակ Ջույուն Լին ընդգծել է համակարգված միջոցառումների կարեւորությունը՝ նվազագույնի հասցնելու համար այն սխալները, որոնց բախվում են տարեցները, որոնք հաճախ տառապում են բազմաթիվ քրոնիկական հիվանդություններով եւ ընդունում են բարդ դեղամիջոցներ: Գիտնականների առաջարկությունները ներառում են դեղագործների եւ առողջապահական այլ մասնագետների ավելի մեծ ինտեգրում դեղորայքի կառավարման գործընթացներում, հատկապես բուժումների անցումների ժամանակ: Այս համագործակցային մոտեցումը կարող է զգալիորեն բարելավել հիվանդի անվտանգությունը եւ նվազեցնել անբարենպաստ հետեւանքների վտանգը, կարծում են հեղինակները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համանման զեկույցի համաձայն՝ ամբողջ աշխարհում դեղամիջոցների ընդունման հետ կապված վնասների մոտ 50 տոկոսը տեղի է ունենում մեկ բուժումից մյուսին անցում կատարելիս, ինչն ընդգծում է միլիոնավոր մարդկանց համար այդ խոցելիությունը լուծելու համակարգի բարելավման անհրաժեշտությունը: