Կարմիր լույսի երկարատեւ ազդեցությանը ենթարկված մարդկանց եւ մկների մոտ նվազում է թրոմբների առաջացման հաճախակիությունը, որոնք կարող են դառնալ ինֆարկտի, թոքերի ախտահարման եւ ինսուլտի պատճառ, նշվել է այն հետազոտությունում, որն իրականացրել են Փիտսբուրգի համալսարանի Բժշկական դպրոցի եւ UPMC վիրաբույժ-գիտնականները, եւ որի արդյունքները հրապարակվել են Thrombosis and Haemostasis ամսագրում։
Գիտնականները վաղուց են կապում լույսի ազդեցությունը առողջության հետ: Արեւածագը եւ մայրամուտը ազդում են նյութափոխանակության, հորմոնների արտազատման եւ նույնիսկ արյան հոսքի վրա, իսկ սրտի կաթվածներն ու ինսուլտներն ավելի հավանական են առավոտյան ժամերին, քան գիշերը: Գիտնականներին հետաքրքրում էր, թե արդյոք լույսը կարող է ազդել թրոմբների ձեւավորման վրա, որոնք հանգեցնում են այս հիվանդություններին:
Այս գաղափարն ստուգելու համար թիմը մկներին ենթարկել է 12 ժամ կարմիր, կապույտ կամ սպիտակ լույսի ազդեցությանը, որին հաջորդել է 12 ժամ մթության ցիկլը 72 ժամվա ընթացքում: Այնուհետեւ նրանք փնտրել են խմբերի միջեւ թրոմբների ձեւավորման տարբերություններ: Կարմիր լույսի ազդեցությանը ենթարկված մկների մոտ հինգ անգամ ավելի քիչ թրոմբներ են եղել, քան կապույտ կամ սպիտակ լույսի ազդեցությանը ենթարկվածների մոտ: Ակտիվությունը, քունը, սննդի ընդունումը, քաշը եւ մարմնի ջերմաստիճանը մնացել են նույնը խմբերի միջեւ:
Գիտնականների թիմը նաեւ վերլուծել է ավելի քան 10 000 պացիենտի առկա տվյալները, որոնց կատարակտի հեռացման վիրահատություն են կատարել, եւ տեղադրել են սովորական ոսպնյակներ, որոնք փոխանցում են լույսի ողջ տեսանելի սպեկտրը, կամ կապույտ լույսը զտող ոսպնյակներ, որոնք փոխանցում են մոտ 50 տոկոսով ավելի քիչ կապույտ լույս:
Նրանք հայտնաբերել են, որ քաղցկեղով հիվանդները, որոնց վրա տեղադրված են եղել կապույտ լույսը զտող ոսպնյակներ, թրոմբների առաջացման ավելի քիչ ռիսկի են ենթակա եղել, քան սովորական ոսպնյակներ ունեցող նրանց գործընկերները: Դա հատկապես ուշագրավ է, քանի որ քաղցկեղով հիվանդների մոտ ինը անգամ ավելի շատ է թրոմբների առաջացման հավանականությունը, քան այդ հիվանդությունը չունեցողների մոտ:






