2024 թվականին բավական մեծ աշխատանքներ են իրականացվել մոր և մանկան առողջության պահպանման առումով: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք այստեղ ունենք բարելավումներ թե՛ մայրական մահացության, թե՛ մանկական մահացության առումով: Սա մեր ամենակարևոր ձեռքբերումն է առողջապահական համակարգը նկարագրող:

Ունենք մեր վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծրագրի ընդլայնում, ինչի արդյունքում նաև ծնունդների մեծ թիվ ենք գրանցել անցյալ տարվա ընթացքում և երկրորդային անպտղությանն ենք արդեն անդրադառնում, ինչը, կարող եմ ասել, շատ զարգացած երկրների համար անգամ համարվում է բավական շռայլ ծրագիր: Բայց մենք հասկանում ենք, որ Հայաստանի դեմոգրաֆիական խնդիրներին արձագանքելու և ռազմավարության շրջանակներում արդյունք գրանցելու համար չափազանց կարևոր է այս ծրագիրը»,-ասաց նա: