Թայվանի մոտ 140 հազար բնակիչներ անցած շաբաթ դիմել են հիվանդանոցներ՝ կապված գրիպի հետ, ինչը ռեկորդային ցուցանիշ է անցած 10 տարիների նույն ժամանակաշրջանի համար։ Այս մասին տեղեկացրել է կղզու Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը։

«Անցյալ շաբաթ գրիպանման հիվանդությունների համար հիվանդանոց ընդունվածների թիվը հասել է 139 613-ի, ինչն ամենաբարձրն է վերջին տասնամյակի նույն ժամանակահատվածի համար: Միեւնույն ժամանակ, գրանցվել է հիվանդության 49 ծանր եւ գրիպից մահվան 10 դեպք»,- CDC-ի տեղեկատվությունը մեջբերել է «Taipei Times» թերթը։

Կղզում գերիշխող շտամը մնում է H1N1-ը, որը նաեւ հայտնի է որպես խոզի գրիպ: Թայվանում գրիպի ընթացիկ սեզոնը սկսվել է 2024թ. հոկտեմբերի 1-ին, եւ դրանից հետո գրանցվել է լուրջ բարդությունների 461 եւ 101 մահվան դեպք։ Բժիշկները հորդորում են բնակիչներին հնարավորինս արագ պատվաստվել գրիպի դեմ։

Թայվանցի բժիշկներն ակնկալում են, որ բռնկումը կսկսվի չինական լուսնային Նոր տարվան մոտ, որն այս տարվա հունվարի 29-ին է, իսկ Թայվանում տոնակատարությունները տեւելու են հունվարի 25-31-ը: CDC-ը ենթադրում է, որ արձակուրդային շաբաթվա ընթացքում առնվազն 150 000 մարդ կարող է հիվանդանալ գրիպով: