Կապել կոսմետոլոգիական գործունեության վերահսկողությունը նրա հետ, որ 2025թ.-ից այլևս «անժամկետ» լիցենզիաները փոխվում են ժամկետայինի՝ «հինգ տարի» ժամկետով, ընդամենը բառախաղ է, իր ֆեյսբության էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը, մեկնաբանելով ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսինյանի կոսմետոլոգիական կլինիկաների գործունեության կարգավորման մասին պատասխանը։
«Բացատրեմ, նախ լիցենզիայի փոփոխվող պահանջներն ու պայմանները կազմակերպություններն առանց դրա էլ պարտավոր են կատարել, իսկ դրա հսկողությունը իրականացնում է համապատասխան տեսչական մարմինը: Ի հավելում դրան արձանագրենք, որ լիցենզիան ընդանենը միջավայրի մինիմալ պահանջ/պայմաններն է պարտադրում, որը որակյալ մասնագիտական աշխատանքի նախասկիզբն է:
Լրագրողի հարցը տեղին էր, այո , Երևանում և այլ տարածքներում բազմաթիվ «կոսմետալոգիա» կոչվող կենտրոններում առանց լիցենզիայի իրականացնում են ներարկումներ, ներմաշկային միջամտություններ, կիրառում են սարքեր, որոնց աշխատանքի որակավորումը ՀՀ-ում բացակայում է:
Հենց չլիցենզավորված ներարկումներ իրականացնողների հետ պայքարի հարցին պետք է պատասխանի լիազոր մարմինը և մտահոգվի հեպատիտ B, C, ՄԻԱՎ-ի անկառավարելի տարածվածության ռիսկի համար, սակայն այդ մասով պատասխան չհնչեց, շրջանցվեց իրական խնդիրը:
Հայտնում են, որ «խստացվել են լիցենզիայի պահանջները», կրկնում եմ, լիցենզիան ընդամենը միջավայրի ձևավորման խնդիրն է լուծում, մինչև հիմա հստակեցված չէ ամբողջական, թե որ՞ կոսմետոլոգիական միջամտություննեը, պրոցեդուրաներն են բուժական կոսմետոլոգիա համարվում՝ որը էսթետիկ:
Եվ առհասարակ, խնդիրը նրանում է, որ որպես լիազոր մարմին, ՀՀ առողջապահության նախարարություն՝ ինչպե՞ս եք պայքարելու չլիցենզավորված կոսմետոլոգիական ծառայություններ իրականացնողների դեմ:
Ինչ վերաբերվում է լիցենզիաների կասեցնելուն, ապա այն օրենքով սահմանված նորմ է և կիրառվում է անհիշելի ժամանակներից: Հավելեմ, որ դա դադարեցում չէ, այլ կասեցում, որը կարող տևել օրինակ՝ 1 կամ 2 ամիս: Սա այն գործիքը չէ, որ կարգավորի ոլորտը:
Շատ հմտորեն շրջանցվեց կոսմետալոգիայում «չգրանցված դեղերի» կիրառման հարցը: Այն որ չգրանցված դեղերը ամենուրեք են օգտագործվում կոսմետալոգիայում և ավելին ասեմ՝ դրանք փիառի կոմպոնենտ են հանդիսանում, դա անհերքելի է: Բայց այս խնդիրը ո՞նց կարող է մտահոգել մի թիմի, որոնք հիմնահատակ խառնել են դեղերի շուկան՝ հանուն սեփական բիզնեսների բարգավաճման:
Շատ լավ հարց հնչեց ՝ կոսմետոլոգիական ծառայություններ իրականացնող անձնակազմը պետք է ունենա՞ բժշկական կրթություն, պարտադի՞ր է այդ կրթությունը:
Այո, պարտադիր է բուժական կոսմետոլոգիայի համար, սակայն նորից եմ կրկնում , ՀՀ-ում ամեն քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներարկումներ են անում, ֆիլերներ , բոտոքս և այլն», – գրել է Ծաղիկ Վարդանյանը։
Փորձագետը առաջարկում է.
«Ցանկանու՞մ եք իրականում կոսմետոլոգիական ծառայությունները կարգավորել, սկսեք ձեզանից, կատարեք ինքնամոնիտորինգ, ասել կուզեմ անկեղծորեն արձանագրեք դուք՝ ձեր թիմի անդամները, ու՞մ մոտ եք գնում կոսմետիկ ներարկումների, այդ անձինք բժշկական կրթությաուն ունեն՞:
Ինքնամոնիտորինգի արդյունքները ներկայացրեք ձեր ղեկավարությանը՝ Նիկոլ Փաշինյանին։ Բոլորդ կհասկանաք, որ անհույս է, ոչինչ չի փոխվի....
Հ.Գ. Հասկանալի է, որ ըստ էության ոչինչ չի փոխվելու: Բայց գոնե ուշադիր եղեք ձեր գերատեսչությունից դուրս եկող գրավոր պատասխանների նկատմամբ և մազահեռացումը՝ էպիլացիան մի ներկայացրեք որպես բժշկական միջամտություն և որ պարտադիր պետք է բժշկական կրթությամբ անձը այն իրականացնի:
Գոնե գոյություն ունեցող սակավ իրավական ակտերի ամրագրածը մի հերքեք:
Ես եմ ամանչում....», – գրել է նա։






