Եվրոպայի առողջապահական աշխատուժն արագորեն ծերանում է, քանի որ առողջապահական ծառայությունները պայքարում են աճող բժշկական կարիքները բավարարելու համար, ասվում է հինգշաբթի օրը Եվրոստատի հրապարակած նոր տվյալներում, հաղորդում է Politico-ն: 2022 թվականին ԵՄ 12 երկրներում բժիշկների ավելի քան 40 տոկոսը կազմում էին 55 տարեկան և բարձր տարիքի բժիշկները: Իտալիան հայտնել է 65 և բարձր տարիքի բժիշկների ամենաբարձր համամասնությունը՝ գրեթե 27 տոկոս, որին հաջորդում են Հունգարիան և Էստոնիան՝ երկուսն էլ ավելի քան 22 տոկոս: Գերմանիայում բժիշկների ավելի քան 36 տոկոսը 55-ից 64 տարեկան են՝ այս կատեգորիայի ամենաբարձր համամասնությունը: Նրան հաջորդում են Բուլղարիան՝ գրեթե 34 տոկոս, Լատվիան՝ ավելի քան 27 տոկոս։ Այս թվերը կտրուկ հակադրվում են ավելի քան երկու տասնամյակ առաջ Եվրոպայում տարեց բուժաշխատողների համամասնությանը: 2005 թվականի Եվրոստատի տվյալների համեմատ՝ 55 և ավելի տարեկան բժիշկների ամենաբարձր համամասնությունը Լիտվայում է՝ 39 տոկոս, որին հաջորդում են Գերմանիան՝ 36 տոկոս, Հունգարիան՝ 33 տոկոս: Հատկանշական է, որ դրանից հետո նկատվել է 75 և բարձր տարիքի բժիշկների թվի զգալի աճ, մի կատեգորիա, որը հազիվ գոյություն ուներ 2005 թվականին: Չնայած տարեց բժիշկների մասնաբաժինը աճել է, շատ երկրներում 2005 թվականից ի վեր աճել է նաև ամենաերիտասարդ տարիքային խմբի բժիշկների թիվը, ինչը ցույց է տալիս, որ ավելի շատ երիտասարդներ են մտնում այդ մասնագիտությունը: 2022 թվականին Մալթան ուներ ամենաշատ երիտասարդ բժիշկների թիվը (մինչև 35 տարեկան)՝ ավելի քան 46%, որին հաջորդում են Ռումինիան (գրեթե 35%) և Նիդեռլանդները (գրեթե 30%):