2024թ.-ին բժշկական կազմակերպությունների յուրաքանչյուր ամսվա կատարողականը առողջապահության նախարարությունը համեմատել է նախորդ տարվա այդ ժամանակահատվածի կատարողականի հետ և ըստ դրա «կարգավորել» ՝ ընդունել/չընդունել կատարած ծառայությունները, հրահանգել է ծառայությունները ներկայացնել ավելի ցածր գներով կամ ընդհանրապես չներկայացնել և այլն, որպեսզի անցած տարվա լիմիտներից՝ սահմանաչափերից ավել գումարի ծառայություն չներկայացնեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը, մեկնաբանելով այն, որ Առողջապահության նախարարությունը պարտք է մնացել ԲԿ–ներին։

«Ելնելով այն հանգամանքից, որ մամուլում քննարկվում է բժշկական կազմակերպություններին պետական պատվերի սահմաններում կատարած աշխատանքի դիմաց առողջապահության նախարարության պարտքերի թեման, և որ 2024թ.-ին պետական պատվերը ամբողջությամբ (բացի պահպանման ծախսերով ֆինանսավորվող ԲԿ-ների) ֆինանսավորվել է հրապարակային օֆերտայի պայմանագրի հիմքով, հարկ եմ համարում հանրությանը ներկայացնել մի շարք պարզաբանումներ.

Օֆերտայի սկզբունքով ֆինանսավորման ամենակարևոր բաղադրիչը՝ բժշկական կենտրոնների բնակչության կանխատեսվող դիմելիության հաշվարկը 2024 թվականի համար չի կատարվել, պատճառը այն է, որ ԱՆ-ն հապճեպ է ՀՀ կառավարության որոշումը փոխելու առաջարկը ներկայացրել, այն միջադեպից հետո, երբ ՀՀ վարչապետին 2023թ-ի դեկտեմբերի տարեկան ամփոփիչ հաշվետվության ժամանակ, հրապարակային՝ օնլայն ռեժիմով,  ԱՆ ղեկավարը «շփոթվեց» և ներկայացրեց, որ այլևս անցյալում է պայմանագրային գումարներով ֆինասավորումը, հիմա գումարը գնում է հիվանդի հետևից, այն դեպքում, երբ հենց այդ պահին գործում էր ՀՀ ԱՆ 2023թ. հունվարի 23-ի 263-L հրամանը՝ ԲԿ-ների պայմանագրային գումարների չափերի հաստատումով՝ սույն անձի ստորագրմամբ:

Լրատվական տարբեր հարթակներում աղմուկ բարձրացավ, իսկ առողջապահական հանրույթը ակնհայտ ապշանքով հետևում էր այսօրինակ ապատեղեկատվության հանդուրժողականությանը:

ԵՎ որպեսզի ներկայացրածը գոնե ապագայով իրականացվի, մի քանի օրում, առանց ակտուարական հաշվարկների, ռիսկերի գնահատման, նախնական քննարկումների, արտակարգ ռեժիմով և «եթե ասել ես, արա» սկզբունքով օֆերտան հաստատվեց։ Տարբերությունը նախկին ձևից այն է, որ առանձին կազմակերպությունների հետ պայմանագիր չի կնքվում և պայմանագրային գումար չի ֆիքսվում, այլ գործում է մեկ ընդհանուր պայմանագիր՝ ԱՆ պաշտոնական կայքի «հրապարակային օֆերտա» դարանում տեղադրված, իսկ պայմանագրային գումարները ամրագրված են հանրապետական մակարդակով՝ բյուջեի յուրաքանչյուր ծրագրի համար:

Ի՞նչ է տվել հանրությանը և բժշկական կազմակերպություններին այս հերթական արկածախնդրությունը.

2024թ.-ին բժշկական կազմակերպությունների յուրաքանչյուր ամսվա կատարողականը առողջապահության նախարարությունը համեմատել է նախորդ տարվա այդ ժամանակահատվածի կատարողականի հետ և ըստ դրա «կարգավորել» ՝ ընդունել/չընդունել կատարած ծառայությունները, հրահանգել է ծառայությունները ներկայացնել ավելի ցածր գներով կամ ընդհանրապես չներկայացնել և այլն, որպեսզի անցած տարվա լիմիտներից՝ սահմանաչափերից ավել գումարի ծառայություն չներկայացնեն:

Հարգելիներս, սա օֆերտա չէ, այլ ընդամենը թղթի վրա ամրագրած լիմիտները փոխարինվել են բանավոր հրահանգների:

Արձանագրում եմ, որ սա հետընթաց է:

Անդրադառնալով ԱՆ-ում տարևերջի մամուլի ասուլիսում հնչած այն բացատրությանը, որ դեկտեմբերին կազմակերպությունները նախորդ տարվանից 30% ավել են կատարողական ներկայացրել, փաստում եմ, որ սա իրական ինքնախոստովանություն է, փոխանակ ուղենիշային չափանիշը լինի բնակչության դիմելիության ակտուարական հաշվարկները (դա է օֆերտայի սկզբունքը), Ան-ն ինչպես հնում, հենվում է նախորդ տարվա ցուցանիշների վրա:

Ստացվում է, որ բացի թղթի վրա գրածից, ոչինչ չի փոխվել ԲԿ-ների համար, նույն բյուջեի սահմանափակ սկզբունքն է գործում:

Եթե մինչև 2024թվականը հանրությանը հասանելի էր, թե որ բժշկական կազմակերպությանը ինչքան գումար է պետական բյուջեյից հատկացվել՝ ապա անցնելով օֆերտայի սկզբունքին, գնումների մասին օրենքի շրջանակներից դուրս է եկել, քանի որ ներկայում պետական պատվերի համար գումարները հատկացվում են բյուջետային ծախսերի «այլ նպաստներ բյուջեից» հոդվածով, հետևաբար ARMEPS կայքում այլևս տեղեկատվություն չկա ԲԿ-ներին տրամադրած գումարների վերաբերյալ, իսկ առողջապահության նախարարությունը՝ իր նախաձեռնությամբ չի հրապարակում, թե ո՞ր բժշկական կազմակերպությանը ինչքա՞ն գումար է տրամադրում՝ խախտելով ծրագրային բյուջետավորման թափանցիկության և հրապարակայնության սկզբունքները:

Հանրությունը տեղյակ չէ, թե առողջապահության նախարարությունը իր հարկերից գոյացած գումարները ինչքան և ինչ սկզբունքով է բաշխում բժշկական կենտրոններին:

Ամփոփելով, հայտնում եմ, որ չսահմանափակվող սկզբունքով օֆերտայի պայմանագիրը ֆիկցիա է, այն ըստ էության չի գործում, ավելին՝ խախտվել է պետական բյուջեի առողջապահական բաժնի ֆինանսական հոսքերի թափանցիկությունը և հրապարակայնությունը, հետևաբար ԱՆ-ն ինչքանով է փոխհատուցել ԲԿ-ներին, ինչքանով ոչ՝, խիստ գաղտնի է և ոչ հասանելի հանրության համար:

ՀՀ առողջապահության նախարարություն` «սև կատու մութ սենյակում մի փնտրեք», միայն բանավոր խոսքը բավարար չէ ձեզ հավատալու և վստահելու համար, ապահովեք տեղեկատվության հասանելիությունը:

Նիկոլ Փաշինյան` առաջարկում եմ հանձնարարել ԱՆ-ին հասանելի դարձնել բժշկական կազմակերպություններին ընթացիկ տարվա ընթացքում հատկացրած գումարների չափերը և դրանց փոփոխությունները, ինչպես նաև նրանց կողմից մատուցված ծառայությունների չափը, այլ ոչ թե մեղադրել մեդիաներին, անձանց՝ ամեն ինչ տանելով անձնական դաշտ:

Ինչպես նաև, հանձնարարեք ԱՆ-ին ՝ պաշտոնական կայքում թարմացնել «հրապարակային օֆերտա» դարանը, որտեղ դեռ մինչև այսօր 2024թ.-ի պայմանագիրն է, հերթագրումները և այլն:

Մի շտկում ևս.

Հարգելի ոլորտի ղեկավար, «անսահմանափակ բյուջե» և «չսահմանափակվող բյուջեի սկզբունք», դրանք տարբեր հասկացություններ են, սույն ոլորտի ղեկավարի ֆինանսական խորհրդատուին՝ 2, հինգ բալային համակարգում», – գրել է Ծաղիկ Վարդանյանը։