Եվրոպական հանձնաժողովը ներկայացրել է հիվանդանոցներում կիբեռգրոհների կանխման եւ ավելի արագ հայտնաբերման գործողությունների պլան։ 2023թ. ԵՄ բուժկենտրոններում տեղի է ունեցել 309 միջադեպ՝ կապված կիբեռանվտանգության խախտման հետ, ինչը վտանգավոր է պացիենտների, ինչպես նաեւ հիվանդանոցների համար, տեղեկացրել է Euronews-ը։
«Առողջապահության ոլորտը կրիտիկական վերափոխումների է ենթարկվում, եւ ելնելով դրանից՝ անհրաժեշտ է լուծել էլեկտրոնային բժշկական գրառումների եւ արհեստական բանականության ինտեգրման անվտանգության ապահովման խնդիրները»,- ասել է տեխնոլոգիական ինքնուրույնության, անվտանգության եւ դեմոկրատիայի հարցերի հանձնակատար Հեննա Վիրկունենը։
Առողջապահության գծով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին կարծում է, որ եվրոպական կլինիկաները պետք է ներդրումներ կատարեն կիբեռանվտանգության մեջ այնպես, ինչպես բժշկական սարքավորումներում։
Վարհելին ասել է. «Խնդիրը տեսադաշտից բաց մի թողեք։ Մենք հասկանում ենք, որ առողջապահական հաստատություններն ավելի շատ կենտրոնացած են բուժօգնության կազմակերպման վրա, որը նրանք մատուցում են պացիենտներին, բայց դա (կիբեռանվտանգությունը) նրա անքակտելի մասն է»։
Խոշոր միջադեպերի դեպքում տնտեսական ազդեցությունը գնահատվում է միջինը 300 000 եվրո։ Չնայած այս հանգամանքին՝ Բրյուսելը դեռ միջոցներ չի հատկացրել բժշկական հաստատություններին աջակցելու համար։
Եվրոպական կիբեռանվտանգության գործակալության տվյալներով՝ ամենամեծ ռիսկերը կապված են պացիենտի անձնական տվյալների գողության եւ առողջապահական ծառայությունների մատուցման իրական գործընթացի խաթարման հետ։
Բրյուսելի ծրագիրը հիմնված է հինգ առաջնահերթությունների վրա՝ կանխարգելում, հայտնաբերում, արձագանքում, վերականգնում, զսպում։ Առաջիկա երկու տարիների ընթացքում կստեղծվի Առողջապահության կիբեռանվտանգության նոր խորհրդատվական խորհուրդ՝ առողջապահական ծառայություններ մատուցողներին աջակցելու համար:






