Չինաստանի Ցզյանան համալսարանի հետազոտողների խումբը հայտնաբերել է, որ աղիներում առկա որոշ միկրոօրգանիզմներ կարող են հիմք հանդիսանալ քաշի կորստի եւ դիաբետի դեմ հայտնի դեղամիջոցների, ինչպիսին է Ozempic-ը, բնական այլընտրանքի համար: Այս հայտնագործությունը հիմնված է աղիների՝ Bacteroides vulgatus մանրէի եւ նրա մետաբոլիտների՝ հորմոնների արտադրությունը խթանելու ունակության վրա, որոնք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը եւ քաղցր ուտելիքի հանդեպ հակումը: Աշխատանքը հրապարակվել է Nature Microbiology (NM) ամսագրում:
Գլյուկագոնանման պեպտիդ-1 (GLP-1) դեղամիջոցները, ինչպիսին է Ozempic-ը, օգտագործվում են 2-րդ տեսակի դիաբետի բուժման եւ քաշի կորստի համար: GLP-1-ը մարմնում բնականորեն արտադրվող հորմոն է, որն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը եւ ճնշել քաղցի զգացողությունը: Սակայն դիաբետ եւ ճարպակալում ունեցող շատ պացիենտների մոտ այս գործընթացները խանգարված են:
Փորձերի ընթացքում գիտնականները պարզել են, որ շաքարային դիաբետով հիվանդ մկների աղիներում Bacteroides vulgatus մանրէի քանակի ավելացումը հանգեցնում է GLP-1-ի արտադրության ավելացմանը։ Սա իր հերթին խթանում է FGF21 հորմոնի արտադրությունը, որը նվազեցնում է քաղցր ուտելիքների հանդեպ հակումը: Հետազոտությունները նաեւ ցույց են տվել, որ գենետիկ մուտացիաները, որոնք նվազեցնում են FGF21 մակարդակը, կապված են մարդկանց մոտ շաքար օգտագործելու հակման հետ:
2-րդ տեսակի դիաբետ ունեցող մասնակիցների արյան թեստը հաստատել է, որ աղիքային մանրէների ակտիվության նվազումը կարող է լինել նյութափոխանակության խանգարումների պատճառներից մեկը: Երբ մկները բուժվում էին Bacteroides vulgatus մանրէով, GLP-1-ի եւ FGF21-ի մակարդակը զգալիորեն ավելացած է եղել, ինչը հանգեցրել է արյան մեջ շաքարի վերահսկման բարելավմանը եւ շաքարի եւ քաղցրի հակման նվազմանը:
Գիտնականների կարծիքով՝ մարդկանց մոտ մեթոդի արդյունավետությունը հաստատելու համար անհրաժեշտ են հետագա կլինիկական հետազոտություններ։






