Գիտնականների միջազգային թիմը հայտնաբերել է դիաբետի դեմ հայտնի դեղամիջոցների՝ ինչպիսիք են Օզեմպիկը, Վեգովին և Մաունջարոն, առավելությունները մի շարք այլ հիվանդությունների, այդ թվում՝ դեմենցիայի և սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում: Այնուամենայնիվ, մասնագետները զգուշացնում են, որ այս դեղամիջոցները չպետք է դիտվեն որպես համադարման միջոց բոլոր հիվանդությունների համար: Աշխատանքը հրապարակվել է Nature Medicine ամսագրում։

Օզեմպիկը և նրա անալոգները արդեն իսկ հեղափոխել են ճարպակալման բուժումը: Դեղերը գործում են՝ նմանակելով GLP-1 հորմոնի գործողությունը, որը կարգավորում է ինսուլինի արտազատումը, դանդաղեցնում ստամոքսի դատարկումը և ճնշում ախորժակը:

Հետազոտողները վերլուծություն են անցկացրել՝ օգտագործելով հարյուր հազարավոր ԱՄՆ վետերանների առողջական տվյալները: Նրանք համեմատել են դիաբետով հիվանդների երկու խմբերը՝ մեկը, որը ստացել է ստանդարտ բուժում, և մեկը, որը ընդունել է GLP-1 դեղամիջոցներ: GLP-1 օգտագործող խմբի մոտ ֆիքսվել է մի շարք հոգեկան հիվանդությունների, այդ թվում՝ շիզոֆրենիայի ցածր ռիսկ: Դեղերի ընդունումը նաև նվազեցնում է նյարդաճանաչողական խանգարումների ռիսկը, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, սրտանոթային հիվանդությունները և շնչառական հիվանդությունները:

Պարզվել է, որ GLP-1 ընդունող հիվանդների մոտ ինքնասպանության մտքեր չեն եղել, ինչպես ասվում էր ավելի վաղ ուսումնասիրությունների ժամանակ։ Ավելին, դեղամիջոցի ընդունումը նվազեցրել է դրանց առաջացման վտանգը։

Գիտնականներն ընդգծել են, որ դեռ վաղ է ասել, որ այդ դեղերը կդառնան բազմաթիվ հիվանդությունների բուժման ունիվերսալ միջոց։ Բացի այդ, հետազոտության արդյունքները վերաբերում են միայն հիվանդների որոշակի խմբի, հիմնականում շաքարախտով հիվանդ տարեց տղամարդկանց, ինչը սահմանափակում է եզրակացությունների ընդհանրացումը: Աշխատանքը նաև ցույց է տվել, որ որոշ հիվանդությունների վրա դեղերի ազդեցությունը չափավոր է, օրինակ՝ դեմենցիայի զարգացման ռիսկը կրճատվել է ընդամենը 10%-ով։

GLP-1 դեղամիջոցներն արդեն ճանաչված են որպես բժշկության մեջ մեծ առաջընթաց, բայց ինչպես դեղագետ Դիփենդեր Գիլն է ընդգծել, դրանք հրաշք-դեղամիջոց չեն: