Գվինեան վերացրել է մարդու աֆրիկյան տրիպանոսոմիազ վտանգավոր մակաբուծական հիվանդությունը, որը հայտնի է որպես քնային հիվանդություն: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որը շնորհավորել է գվինեացի գործընկերներին այս կարևոր նվաճման կապակցությամբ։
ԱՀԿ-ն «շնորհավորում է Գվինեային գամբիական մարդու տրիպանոսոմիազի վերացման կապակցությամբ՝ որպես հանրային առողջության խնդիր»,- ասվում է հայտարարության մեջ։ Աֆրիկյան տրիպանոսոմիազի այս ձևը միակն է, որի փոխանցումը փաստաթղթավորվել է Գվինեայում: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ասաց, որ Գվինեայի հաջողությունը «ներկայացնում է համաշխարհային առաջընթացը անտեսված արևադարձային հիվանդությունների դեմ պայքարում և հույսի շող է այն երկրների համար, որոնք պայքարում են աֆրիկյան տրիպանոսոմիազի դեմ»: Իր հերթին ԱՀԿ-ի Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Մատշիդիսո Մոետին նկարագրել է աֆրիկյան տրիպանոսոմիազի վերացումը Գվինեայում որպես «նշանակալի ձեռքբերում»։ ԱՀԿ-ն հիշեցրել է, որ աֆրիկյան յոթ երկրներ նախկինում վերացրել էին աֆրիկյան տրիպանոսոմիազի գամբիական ձևը՝ Տոգոն, Բենինը, Կոտ դ'Իվուարը, Ուգանդան, Հասարակածային Գվինեան, Գանան և Չադը: Բացի այդ, հիվանդության ռոդեզյան ձևը վերացվել է որպես հանրային առողջության խնդիր Ռուանդայում: Մարդու աֆրիկյան տրիպանոսոմիազը, որը նաև հայտնի է որպես քնի հիվանդություն, փոխանցվող մակաբույծ հիվանդություն է: Դրա հարուցիչները տրիպանոսոմների ցեղի նախակենդանիներն են, որոնք մարդուն փոխանցվում են վարակված մարդկանց կամ կենդանիների մակաբույծով վարակված ցեցե ճանճի խայթոցով։ Հիվանդության երկու ձև կա. Trypanosoma brucei gambiense տարբերակը, որը հայտնաբերվել է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի 24 երկրներում, բաժին է ընկնում հիվանդւոյան բոլոր դեպքերի ավելի քան 92%-ին: Հիվանդության մեկ այլ ձև՝ Trypanosoma brucei rhodesiense, առկա է Արևելյան և Հարավային Աֆրիկայի 13 երկրներում: Տրիպանոսոմները սկզբում բազմանում են ենթամաշկային հյուսվածքներում, արյան և ավշի մեջ: Հիվանդության այս փուլը բնութագրվում է տենդով, գլխացավով, այտուցված ավշային հանգույցներով, հոդացավերով և քորով: Այնուհետև մակաբույծները վարակում են կենտրոնական նյարդային համակարգը՝ առաջացնելով հիվանդության երկրորդ փուլը, որը ներառում է վարակվածի վարքագծի փոփոխություններ, շփոթություն, զգայական խանգարումներ և շարժողական համակարգման խանգարում։ Այս փուլում կարևոր ախտանիշ է քնի ցիկլի խախտումը, որը հիվանդության անվանումն է տալիս։ Առանց բուժման, այն սովորաբար մահացու է լինում, թեև գրանցվել են ինքնաբուխ վերականգնման դեպքեր:






