Սրտային հիվանդները պետք է փորձեն պահպանել իրենց սննդակարգը տոն օրերին, պետք է ուտեն հաճախակի եւ քիչ քանակությամբ , իսկ ալկոհոլի օգտագործումը պետք է հնարավորինս սահմանափակ լինի, NEWS.am Medicine-ին հայտնեց «Նատալի Ֆարմ Մալաթիա» ԲԿ սրտաբան Միքայել Ադամյանը, խոսելով տոն օրերին սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց վարքի մասին:
Նրա խոսքով, բոլոր հիվանդները տեղեկացված են ոգելից խմիչքի թույլատրելի չափաբաժինների մասին, եւ պետք է խստորեն հետեւեն այդ նորմերին:
«Գիտեք, տոն է, ուրախություն է, եւ ճաշկերույթի բաղկացուցիչ մասը խմիչքն է: Այդ օրերին խմիչքը բացարձակապես արգելելն անհնար է, բայց նորմերին պետք է հետեւել»,- ասաց նա:
Ըստ Մ.Ադամյանի, շատ ուտելուց հետո պարտադիր է զբոսնել: «Այլ բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է սննդի մեծ քանակություն ընդունելուց հետո շարժվել »,- ասաց նա: Բժշկի խոսքով, առատ կերուխումը մի քանի օր շարունակ՝ Հայաստանում Նոր Տարին դիմավորելու ավանդական եղանակը՝ մեծ սթրես է ոչ միայն սրտի , այլ նաեւ ամբողջ օրգանիզմի համար. Այդ թվում լյարդի , երիկամների: Մ. Ադամյանը նշեց, որ մեծ քանակությամբ ոգելից խմիչքներ օգտագործելուն զուգահեռ սկսում են շատ ծխել, ինչն էլ բերում է սրտի իշեմիկ հիվանդությունների սրացմանը: «Ալկոհոլի եւ նիկոտինի միաժամանակյա օգտագործումը բարձրացնում է ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկը, այդ պատճառով բժիշկները խորհուրդ չեն տալիս այդ համակցումը»,- ասաց նա:
Բժիշկը նշեց, որ ամանորյա գիշերը եւ հաջորդող օրերին սրտի կաթվածի հետ կապված կանչերը կտրուկ ավելանում են: Անցնող 2013 թվականը Մ. Ադամյանը դիմավորել է վիրահատարանում՝ մինչեւ առավոտյան յոթը ինֆարկտով հիվանդներ ընդունելով:






