Գերմանիայի Գյոթինգենի համալսարանական բժշկական կենտրոնի հետազոտողները մշակել են արյան «վերածրագրավորված» բջիջներից պատրաստված կենսաբանական իմպլանտ, որը կարող է կայունացնել և վերականգնել սրտի մկանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:

Աշխարհում ավելի քան 64 միլիոն մարդ տառապում է սրտային անբավարարությունից, որն առաջանում է այնպիսի գործոնների արդյունքում, ինչպիսիք են սրտի կաթվածը, հիպերտոնիան և սրտի իշեմիկ հիվանդությունը: Սրտի փոխպատվաստումը մնում է թանկարժեք և բարդ պրոցեդուրա՝ դոնորական օրգանի սպասմամբ, իսկ արհեստական պոմպերը կարող են բարդություններ առաջացնել: Գերմանացի հետազոտողները առաջարկել են նոր, հեղափոխական մոտեցում՝ լաբորատորիայում աճեցված կենսաբանական իմպլանտներ:

Նոր տեխնոլոգիան ներառում է արյան բջիջների «վերածրագրավորումը» ցողունային բջիջների, որոնք այնուհետև վերածվում են սրտի մկանային և շարակցական հյուսվածքի բջիջների: Այս բջիջները տեղադրվում են կոլագենային գելի մեջ և աճեցվում են վեցանկյուն «սպեղանիների» տեսքով, որոնք ունեն 10 սմ երկարություն և 5 սմ լայնություն:

Գիտնականների խոսքով՝ ստացված բջջային նմուշներն ունեն երիտասարդ սրտի մկանի բնութագրեր, որոնք նման են 4-8 տարեկան երեխայի սրտամկանի հյուսվածքին:

Հետազոտողները նշել են, որ նոր մեթոդի օգտագործման առավելությունն այն է, որ սպեղանին կարելի է իմպլանտացնել սրտի մեջ՝ առանց ուռուցքների կամ սրտի ռիթմի խանգարումների ռիսկի, ինչը հաճախ նկատվում է բջիջների ուղղակի ներդրման դեպքում:

Մակակ-ռեզուս կապիկների վրա տեխնոլոգիայի փորձարկումների ընթացքում լուրջ բարդությունների նշաններ, ինչպիսիք են սրտի ռիթմի խանգարումները կամ ուռուցքների զարգացումը, չեն հայտնաբերվել: Ընդհակառակը, սպեղանիների իմպլանտացումից վեց ամիս անց կենդանիների մոտ նկատվել է սրտի պատի հաստացում և սրտամկանի ֆունկցիայի բարելավում: