Բրիտանական դեղատները կոչ են անում խստացնել նիհարեցնող դեղերի առցանց վաճառքի սահմանափակումները, քանի որ այն ոչ պատշաճ է իրականացվում:

Մեծ Բրիտանիայի դեղագործության ազգային ասոցիացիան (NPA), որը ներկայացնում է անկախ համայնքային դեղատները, ասում է, որ կարգավորող մարմինները պետք է պահանջեն, որ դեղատոմսերը դուրս գրող անձինք ավելի շատ խորհրդակցեն հիվանդների հետ, օրինակ՝ քննարկեն նրանց հիվանդության պատմությունը և հնարավոր ռիսկերը, նախքան նիհարեցնող ներարկումներ և այլ դեղամիջոցներ նշանակելը:

Դա կարող է նշանակել հեռախոսազանգ կամ անձնական զրույց, այլ ոչ թե սոսկ առցանց ձևաթղթի լրացում, համարում են NPA-ում:

«Մենք անհանգստացած ենք, որ գործող կանոնները թույլ են տալիս որոշ հիվանդների անհամապատասխան կերպով օգտվել քաշի կորստի ներարկումներից՝ առանց համապատասխան խորհրդատվության կամ հիվանդության պատմության ուսումնասիրման»,-ըստ Euronews-ի՝ ասված է Մեծ Բրիտանիայի դեղագործության ազգային ասոցիացիայի նախագահ Նիկ Քեյի հայտարարության մեջ:

Խումբը միաժամանակ հայտարարել է, որ ավելի բարձր պահանջմունքներ ունեցող հիվանդներին, ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտով հիվանդները, պետք է առաջնահերթ հասանելիություն ստանան դեղամիջոցներին:

Նախազգուշացումը հնչել է, երբ քաշ կորցնելու դեղամիջոցները, մասնավորապես՝ Wegovy-ը և Mounjaro-ն, սկսել են մեծ ժողովրդականություն վայելել և աստիճանաբար ներմուծվել Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Նշված դեղամիջոցները, որոնք կոչվում են GLP-1 ընկալիչների ագոնիստներ, նշանակվում են գիրության կամ 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար և գործում են ախորժակը փակելու եղանակով:

Անցյալ շաբաթ հրապարակված մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ այս դեղամիջոցները կարող են նվազեցնել մի շարք այլ առողջական խնդիրների առաջացման վտանգը՝ ներառյալ թմրանյութերի կախվածությունը, շիզոֆրենիան, արյան լերդացումը, երիկամների խրոնիկական հիվանդությունը, շնչադիմակային խնդիրները և նյարդաճանաչողական խանգարումները, մասնավորապես՝ Ալցհայմերի հիվանդությունը:

Բայց դրանք միաժամանակ կապված են աղեստամոքսային տրակտի խնդիրների, արյան ցածր ճնշման, ուշագնացությունների, հոդաբորբի, երիկամներում քարերի, երիկամների հիվանդության ձևերից մեկի և թմրամիջոցների ազդեցությամբ պանկրեատիտի բարձր ռիսկի հետ, ասված է վերլուծության մեջ:

Անցյալ տարի Մեծ Բրիտանիայի կառավարությունը և Եվրամիության դեղերի կարգավորող մարմինը մարդկանց զգուշացրել էին չարտոնագրված վաճառողներից նիհարեցնող դեղեր առցանց չգնել, քանի որ չափազանց մեծ է դրանց կեղծ լինելու վտանգը:

Ըստ Քեյի՝ թեև առցանց դեղատների ծառայությունները, ընդհանուր առմամբ, խնդրահարույց չեն, ընդսմին «դեղերը նման չեն սովորական վաճառքի ապրանքների» և «դրանց հետ անհրաժեշտ է զգուշորեն վարվել»:

Ըստ Մեծ Բրիտանիայի դեղագործության ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների՝ որոշ հիվանդների անպատշաճ կերպով նշանակվում են քաշի կորստի դեղամիջոցներ, ներառյալ՝ սննդային խանգարումներ ունեցողներին և մարմնի զանգվածի ցածր ինդեքսով (BMI) անձանց, ինչը «նրանց լուրջ կողմնակի ազդեցությունների ավելի մեծ վտանգի է ենթարկում»: