Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, եւ կանխարգելման համար շատ կարեւոր է ռիսկի գործոնների նվազեցումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյանը։
Նրա խոսքով՝ պետք է ակտիվ պայքարել ծխելու, ոչ ճիշտ սնվելու դեմ, պետք է վարել առողջ ապրելակերպ, առողջ սնունդ օգտագործել, պայքարել ավելորդ քաշի եւ ֆիզիկական հիպոակտիվության դեմ։
«Կանխարգելումը ներառում է նաեւ պատվաստումը։ Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը զգալի ազդեցություն ունի։ Հեպատիտ B-ի դեմ պատվաստումը եւս շատ կարեւոր է։
Առողջապահության նախարարությունը վաղ ախտորոշման նպատակով իրականացնում է սքրինինգային հետազոտություններ, որոնք որոշում են բուժման արդյունավետությունը։ Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը, որն իրականացվել է Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Շիրակում, 2024-ից իրականացվում է նաեւ Գեղարքունիքում։ 2025-ից Մարտունիում տեղադրված է շարժական մամոգրաֆիայի ապարատ, եւ տարածքի 45-60 տարեկան բնակչուհիները կարող են անվճար հետազոտություն անցնել։ Միաժամանակ, ընդլայնվել է տարիքային խումբը, քանի որ 2021-ից 50 տարեկանից ոչ ցածր տարիքի կանայք կարող էին անվճար հետազոտվել։
Բացի այդ, իրականացվում է հաստ աղիի քաղցկեղի սքրինինգի ծրագիր, որը 2024 թվականից ընդլայնվել է, այդ թվում նաեւ ընդլայնվել է տարիքային խումբը։ 2025 թվականից ծրագրում կընդգրկվեն ավելի շատ կազմակերպություններ, հնարավոր է նաեւ, որ վերանայվի տարիքային խումբը։
Նման հետազոտություններ իրականացվում են Երեւանի եւ Գյումրիի պոլիկլինիկաներում, տարիքային խմբում 50-75 տարեկան կանայք եւ տղամարդիկ են։ 2024թ. ընտրված վեց կազմակերպություններն ավելի շատ հետազոտություններ են կատարել (ավելի քան 5 000), քան ի սկզբանե նախատեսված էր (3 900): Այս տարի նախատեսում ենք էլ ավելի շատ հետազոտություններ անցկացնել»,- ասել է Ղոնյանը։
Մասնագետը հիշեցրել է, որ Հայաստանում 2019-ից չարորակ ուռուցք ունեցող պացիենտների վիրահատություններն անվճար են։
«Բացի այդ, կրծքագեղձի քաղցկեղի առաջին եւ երկրորդ փուլերի դեպքում ներդրվել է անվճար դեղորայքային ծրագիր (տրաստուզումաբով): Դրան զուգահեռ՝ քաղցկեղով հիվանդները կարող են անցնել անվճար, դժվար հասանելի հետազոտություններ:
Կա նաեւ քիմիաթերապիայի անցկացման հնարավորություն համաֆինանսավորման եւ անվճար ճառագայթային թերապիայի ծառայությունների, իսկ որոշ խմբերի համար՝ համաֆինանսավորման սկզբունքով»,- ընդգծել է Ղոնյանը։
Վ.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինիկական ուռուցքաբան Նաիրա Ջանոյանն իր հերթին նշել է, որ ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնց ընտանիքի անդամներն ունեն քաղցկեղ։
«Այդ մարդիկ անպայման եւ ավելի վաղ տարիքում, քան մյուսները, պետք է զննում անցնեն։
Կանանց մոտ ամենից շատ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղը: Եթե 1975թ. 11 կնոջից մեկն էր հիվանդանում, ապա այժմ 8 կնոջից մեկը։ Զարգացած երկրներում հիվանդացության աճը կապված է նաեւ կյանքի տեւողության աճի հետ։ Չզարգացած երկրներն ունեն իրենց խնդիրները, օրինակ՝ օդի աղտոտվածությունը նույնպես հանգեցնում է ցուցանիշների աճի»,- նշել է Ջանոյանը։
Բժիշկը տեղեկացրել է, որ եթե 2022թ. Հայաստանում ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղի 1 457 դեպք, ապա 2023թ.՝ ավելի քան 1 500 դեպք։ 2024թ. տվյալները հայտնի կդառնան ավելի ուշ։
«Ընդ որում՝ նկատվել է մահացության ցուցանիշների նվազում տոկոսային արտահայտությամբ, ինչը կապված է վաղ հայտնաբերման հնարավորությունների զարգացման հետ։
Տղամարդկանց մոտ առավել տարածված են թոքերի եւ աղեստամոքսային տրակտի քաղցկեղները:
Հայաստանում ախտորոշման եւ բուժման հնարավորությունները գրեթե չեն զիջում արտասահմանյան երկրների հնարավորություններին։ Ողջունելի է նաեւ Հայաստանում բուժհաստատությունների միջեւ մրցակցության առկայությունը»,- եզրափակել է Ջանոյանը։





