Փենսիլվանիայի նահանգի ​​համալսարանի ամերիկացի գիտնականները նորարարական կենսանյութ են մշակել, որը կարող է ընդօրինակել կենդանի հյուսվածքների վարքը։ Այս կազմը, որը կոչվում է LivGels, կարող է կրկնօրինակել արտաբջջային մատրիցների (ԱԲՄ) մեխանիկական արձագանքները՝ այն կառուցվածքները, որոնք աջակցում են օրգանիզմի բջիջներին եւ հյուսվածքներին: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Materials Horizons (MatHor) ամսագրում:

LivGels-ը ստեղծվում է կենսաբանական բաղադրիչներից, այդ թվում՝ փոփոխված ալգինատից (պոլիսախարիդ շագանակագույն ջրիմուռներից) եւ ցելյուլոզային «մազիկերով» նանոբյուրեղներից։ Տարրերը ձեւավորում են դինամիկ կապեր, որոնք թույլ են տալիս նյութին ընդօրինակել ԱԲՄ հիմնական՝ ոչ գծային կարծրացման եւ ռեգեներացման հատկությունները։

Ոչ գծային կարծրացումը նյութը դարձնում է ավելի կոշտ մեխանիկական ուժերի ազդեցության տակ, իսկ ռեգեներացիան հնարավորություն է տալիս վերականգնվել վնասից:

«Մեր նյութը դինամիկ կերպով ընդօրինակում է արտաբջջային մատրիցների վարքը՝ այն իդեալական դարձնելով վերականգնողական բժշկության եւ այլ կիրառությունների համար»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Ամիր Շեյհին:

LivGels-ը նոր հնարավորություններ է բացում վերականգնողական բժշկության, հիվանդությունների մոդելավորման, 3D կենսատպագրության եւ փափուկ ռոբոտատեխնիկայի ոլորտներում:

Հետազոտողները նախատեսում են օպտիմալացնել LivGels-ը կոնկրետ հյուսվածքների տեսակների համար, ուսումնասիրել դրա օգտագործումը վերականգնողական բժշկության մեջ եւ ինտեգրել այն 3D բիոտպագրման տեխնոլոգիաներում: Դիտարկվում է նաեւ նյութը կրիչ սարքերում եւ իմպլանտներում օգտագործելու հնարավորությունը։