Հոկտեմբերի 24-ին եւ 25-ին Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) Ամերիկահայ բժիշկների միության աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի բժիշկների որակավորման դասընթաց է անցկացնում Ստեփանակերտում:

Սեմինարի առաջին օրը Նորք ինֆեկցիոն կենտրոնի բժշկուհի Հռիփսիմե Ապրեսյանը ԼՂՀ մայրաքաղաքի ու մարզերի մանկաբույժներին ծանոթացրել է մանկական վարակիչ հիվանդությունների ակտուալ խնդիրներին ու մոտեցումներին:Դասընթացն անցկացվել է Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում:

Հոկտեմբերի 25-ի դասախոսությունները տեղի են ունենալու Ստեփանակերտի ծննդատանը: Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսադան Վարդանյանը ներկայացնելու է հղիության ընթացքում հնարավոր բարդություններն ու դրանց բուժման ժամանակակից մեթոդները:

ԼՂՀ այցելության շրջանակներում ՀՕՖ-ի Առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն ու դասընթացավարները հանդիպել են նաեւ ԼՂՀ Առողջապահության փոխնախարար Զոյա Լազարյանին: