Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի համալսարանական կլինիկայի գինեկոլոգիական ուռուցքաբանության խորհրդատու Էլսայեդ Ահմեդն ավարտում է իր մեկամսյա վերապատրաստումը «Նաիրի» ԲԿ-ի Օնկոգինեկոլոգիական ծառայությունում։ Այս ընտրությունը նա կատարել է ոչ պատահականորեն. բժշկական կենտրոնի միջազգային բարձր համբավը, ինչպես նաև դրա հիմնադիր, պրոֆեսոր Արտեմ Ստեփանյանի հետ ծանոթությունը վճռորոշ դեր են ունեցել:
Ըստ Էլսայեդ Ահմեդի՝ «Նաիրի» ԲԿ-ի միջազգային լիցենզիաներն արդեն իսկ բավարար էին, որպեսզի այն դիտարկի որպես վերապատրաստման լավագույն տարբերակ։ Սակայն 2023 թվականին Ալեքսանդրիայում կազմակերպված միջազգային համալսարանական կոնֆերանսում նա հանդիպել է պրոֆեսոր Արտեմ Ստեփանյանին և տպավորվել նրա մասնագիտական գիտելիքներից ու ներկայացրած թեմաներից։ Այդ պահից սկսած նա հետևել է Ստեփանյանի աշխատանքին ու վերջնական որոշել է վերապատրաստվել հենց Նաիրի ԲԿ-ում։
«Այստեղ ամեն ինչ հիանալի էր կազմակերպված։ Գոհ եմ այս փորձառությունից», – ասում է Ահմեդը։ Նրա խոսքով՝ «Նաիրի» ԲԿ-ն համապատասխանում է եվրոպական առաջատար կլինիկաների չափանիշներին, ինչը թույլ է տալիս օնկոգինեկոլոգիական բազմաբնույթ վիրահատություններ կատարել ամենաժամանակակից մեթոդներով։ Վերապատրաստման ընթացքում Ահմեդը ուսումնասիրել է հիվանդանոցի բոլոր ստորաբաժանումները՝ լինելով թե՛ վիրահատարաններում, թե՛ քիմիաթերապիայի, թե՛ ռադիոլոգիայի բաժանմունքներում։ Սակայն նրա ժամանակի 90%-ը անցել է հենց վիրահատարանում, որտեղ նա հնարավորություն է ունեցել տեսնելու և ուսումնասիրելու օնկոգինեկոլոգիական վիրաբուժության նորագույն տեխնիկան։
«Նաիրի» ԲԿ-ն ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային բժշկական համայնքում համարվում է առաջատար հաստատություններից մեկը: Ամբողջ աշխարհում ընդամենը 40 կենտրոն ունի Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) կողմից հաստատագրված թրեյնինգ կենտրոնի կարգավիճակ, և «Նաիրի» ԲԿ-ն դրանցից մեկն է։
Վերջին երկու տարիների ընթացքում այստեղ վերապատրաստվել են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 15 մասնագետներ, այդ թվում՝ Հունաստանից, Թաիլանդից, Բութանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Բրազիլիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ «Նաիրի» ԲԿ-ի մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր վերապատրաստվող բժիշկ ստանա անհատական ուսուցում՝ առավել արդյունավետ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար։
Էլսայեդ Ահմեդը նշում է, որ իր վերապատրաստման ընտրությունն ամենաճիշտ որոշումն էր։ Խոստանում է վերադառնալ «Նաիրի» ԲԿ՝ ավելի երկարատև ուսուցման համար։ «Այստեղ սովորելու շատ բան կա, և ես անպայման կվերադառնամ, որպեսզի շարունակեմ կատարելագործվել այս հիանալի մասնագետների կողքին»,- եզրափակում է Էլսայեդ Ահմեդը։






