Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները ստեղծել են որովայնի համակարգչային տոմոգրաֆիայի (ՀՏ) սքանավորումների վերլուծության տվյալների բազա, որը կոչվում է AbdomenAtlas, այն 10 անգամ արագացնում է քաղցկեղային ուռուցքների ճշգրիտ տեղորոշումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Medical Image Analysis (MIA) ամսագրում:
Եզակի զանգվածը ներառում է 3D սքանավորման ավելի քան 45 հազար արդյունք՝ նշված ըստ 142 անատոմիական կառուցվածքների։ Դրա ծավալը 36 անգամ գերազանցում է ավելի վաղ անալոգներին:
Գիտնականները բացատրել են, որ բժշկական պատկերների մակնշումը չափազանց աշխատատար գործընթաց է, որը սովորաբար պահանջում է հարյուր հազարավոր ժամեր ճառագայթաբանների աշխատանք: Այն անհրաժեշտ է ՄՌՏ եւ ՀՏ պատկերներում այնպիսի պաթոլոգիաների հայտնաբերման եւ նշման համար, ինչպիսին են ուռուցքները, բորբոքումները կամ այլ անոմալիաները, ինչպես նաեւ գնահատելու համար օրգանների վիճակը:
Այդ գործընթացը հաջողվել է գալիորեն արագացնել արհեստական բանականության օգնությամբ։ Դրա համար օգտագործվել են երեք ԱԲ մոդելներ՝ վերապատրաստված արդեն մակնշված տվյալների վրա, որոնք ավտոմատ կերպով նշում էին նոր պատկերները: Այնուհետեւ 12 ճառագայթաբաններից եւ բժիշկներից բաղկացած թիմը կատարելագործել է ծանոթագրությունները՝ օգտագործելով հատուկ ուշադրության քարտեզներ:
ԱԲ կիրառման արդյունքում օրգանների նշագրումն արագացել է 500 անգամ, իսկ ուռուցքներինը՝ 10 անգամ: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ արհեստական բանականությունն արդեն հասել է միջին ճառագայթաբանի մակարդակին որոշ առաջադրանքներում, օրինակ՝ ուռուցքների հայտնաբերման:
Գիտնականները նշել են, որ ապագայում տվյալների նոր հավաքածուն կարեւոր գործիք կդառնա վաղ փուլերում հիվանդությունների ախտորոշումը բարելավելու եւ պացիենտների թվային նմանակներ ստեղծելու համար։ Հետազոտողները հույս ունեն, որ AbdomenAtlas-ը կխթանի հետագա համագործակցությունը բժշկական հաստատությունների միջեւ եւ կարագացնի ԱԲ-ախտորոշման զարգացումը:






