ԱՄՆ-ում թափ է հավաքել ձմեռային վիրուսների սեզոնը, որոշ ցուցանիշներով այն ամենաինտենսիվն է վերջին 15 տարվա ընթացքում, տեղեկացրել է Associated Press-ը։
Գրիպի ակտիվության ցուցանիշը որոշվում է բժշկին այցելությունների տոկոսով, այն առաջանում է գրիպանման ախտանիշներով:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (CDC) ուրբաթ հրապարակված տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա թիվն ակնհայտորեն ավելի շատ էր, քան 2009-2010թթ. ձմեռային գրիպի ցանկացած սեզոն: Իհարկե, այլ վիրուսային վարակները եւս կարող են սխալմամբ գրիպի հետ շփոթվել:
Բայց հիվանդանոցային տվյալների եւ CDC կանխատեսումների հիման վրա՝ COVID-19 դեպքերի թիվը նվազում է: Ապացույցները նաեւ ցույց են տալիս, որ երկրում նկատվում է մեկ այլ շնչառական հիվանդության՝ RSV-ի դեպքերի նվազում:
Գրիպի պատճառով որոշ նահանգներում դպրոցները ստիպված են եղել փակել։ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքի մոտ գտնվող, 3 200 աշակերտ ունեցող Գոդլիի անկախ դպրոցական օկրուգը երեք օրով փակվել է այն բանից հետո, երբ երեքշաբթի օրը 650 աշակերտ եւ 60 աշխատակից բացակայել են աշխատանքից: Օկրուգի ներկայացուցիչ Ջեֆ Միդորը նշել է, որ այնտեղ հիվանդությունների ճնշող մեծամասնությունը կապված է գրիպի, ինչպես նաեւ նշաբորբի որոշ տեսակների հետ: Նա տարվա այս եղանակն անվանել է գրիպի ամենավատ սեզոնը, որը կարողացել է հիշել:
CDC-ի գնահատականներով՝ այս սեզոնին գրանցվել է գրիպի առնվազն 24 մլն դեպք, 310 000 հոսպիտալացում եւ 13 000 մահ, այդ թվում՝ առնվազն 57 երեխա:
Գրիպի սեզոնը ավանդաբար բարձրակետին է հասնում փետրվարին: Ընդհանուր առմամբ, 43 նահանգներ արձանագրել են գրիպի բարձր կամ շատ բարձր ակտիվություն անցած շաբաթվա ընթացքում: Գրիպի ամենաշատ դեպքերը գրանցվել են հարավային, հարավարեւմտյան եւ արեւմտյան նահանգներում:






