Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մասնաճյուղի մանրէաբանական լաբորատորայի բոլոր աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10–ին, NEWS.am Medicine–ի հետ զրույցում ասաց լաբորատորիայի վարիչ Աշխեն Այվազյանը։
Նա նշեց, որ ամիսներ առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ օպտիմալացման աշխատանքներ են իրականացվում և հաստիքացուցակները պետք է կրճատվեն։ Սկզբում խոսքը 4 նմուշառողի կրճատման մասին էր, հետո՝ 14, այնուհետև որոշում կայացվեց կրճատել լաբորատորիայի բոլոր աշխատողներին։ Դեկտեմբերին նախարարությունից ծանուցում է եկել, որ մանրէաբանական լաբորատորիայի բոլոր աշխատակիցները փետրվարի 28-ից հեռացված են աշխատանքից։ Ընդ որում, լաբորատորիան չի փակվելու։ Փաստացի, ազատվում են հին, մեծ փորձ ունեցող աշխատողներից, կարծում է Աշխեն Այվազյանը։
«Ինձ և ևս մեկ բժշկի առաջարկել են այլ մասնաճյուղերում աշխատանք։ Ինձ առաջարկում են Գեղարքունիքի մարզում աշխատել, բայց դա անտրամաբանական է, ես Մեծամոր քաղաքում եմ ապրում»,–ասաց Աշխեն Այվազյանը։
Նա նշեց, որ մանրէաբանական լաբորատորիան պրոֆիլակտիկ աշխատանքով զբաղվող լաբորատորիա է, որն ամբողջ ազգաբնակչության անվտանգության համար հետազոտություններ է անում. խմելու ջրի, բաց ջրամբարների, ազգաբնակչության շրջանում բռնկումների և այն։ Ըստ բժշկի, եթե իրենց լաբորատորիայի պայմանները անբավարար են, ապա դա գործադիրի խնդիրն է։ Նա նաև տեղեկացրեց, որ Էջմիածնում իրենց լաբորատորիայի համար նոր մասնաշենք էր կառուցվում, ու հիմա պարզ չէ, թե ինչ նպատակների կծառայի այդ նոր շենքը։
«Հիմա այս դիլետանտ, աշխատանքից անտեղյակ դրածո ղեկավարներն ասում են՝ մեզ կանաչ ճանապարհ է տված, ինչ ուզենք, անելու ենք։ Որտեղ էլ բողոքեք, մեր մարդիկ են», – ասաց նա, հավելելով, որ լաբորատորիայի բոլոր աշխատակիցներն մտել են ՀՎԿԱԿ–ի Արմավիրի մասնաճյուղի տնօրենի մոտ, և հրաժարվել են այսօրվանից կատարել իրենց պարտականությունները։ Նրանք տեղի ունեցածի մասին ահազանգել են բոլոր պատկան մարմիններ, հիմա էլ պատրաստվում են դիմել դատարան։
Նա նաև տեղեկացրեց, որ նույն խնդրի առաջ են կանգնել Արագածոտնի ու Կոտայքի մարզի լաբորատորիաները։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից պարզաբանեցին, որ իրենց նպատակը աշխատակիցներին կրճատելը չէ, այլ խոսքն ընդհանուր օպտիմալացման գործընթացի մասին է, որի նպատակը լաբորատոր աշխատանքները կանոնակարգելն ու աշխատանքն ավելի ծախսարդյունավետ դարձնելն է։
«Բնականաբար ես հասկանում եմ, որ մարդկանց մոտ կարող է դժգոհություն նաև առաջանալ կրճատման հետ կապված և այլն, բայց այստեղ պետք է կարևոր մի հանգամանք նշել. լաբորատոր համակարգի օպտիմալացման արդյունքում հնարավորություն է ստեղծվում հանրային առողջության պահպանման ռեսուրսների կենտրոնացմամբ ապահովել առավել ծախսարդյունավետության և կազմակերպության կարողությունների արդիականացում», – ասաց ՀՎԿԱԿ փոխտնօրեն Սերգեյ Չախմախչյանը, նշելով, որ կատարվել է լաբորատոր կարողությունների գնահատում, և դրանց հիման վրա կատարվում են կազմակերպչական փոփոխություններ։
«Աշխատանքների դադարեցման մասին այստեղ խոսք չի գնում, որովհետև մեր այդ մասնաճյուղերում, մասնավորապես Արմավիր մասնաճյուղում կատարվող աշխատանքները նույն ծավալով իրականացվելու են։ Նմուշառումը նույն կերպ իրականացվելու է, բայց քանի որ այդ լաբորատորիան մոտ է Երևան քաղաքին, նմուշների հետազոտությունները իրականացվելու են Երևանում գտնվող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոնում», – ասաց նա, հավելելով, որ դա կբերի զգալի խնայողությունների, հետազոտությունները կիրականացվեն լավ կահավորված լաբորատորիայում, ինչը կնվազեցնի առկա ռիսկերը։
Սերգեյ Չախմախչյանը հղում արեց կառավարության 2021 թվականի որոշմանը, որը պարտադրում է լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպություններին որակի կառավարման համակարգ ներդնել մինչև 2025 թվականի մարտի 3–ը։ Ինչը նշանակում է, որ ամբողջ շղթան, սկսած նմուշառումից մինչև հետազոտության արդյունքի տրամադրումը պիտի իրականացվի պատշաճ կերպով։ Ըստ նրա, սա ևս պատճառներից մեկն է, թե ինչու է որոշվել հետազոտությունների կատարումը կենտրոնացնել ռեֆերենս լաբորատորիայում։
Նա նշեց, որ ծանուցումը Արմավիրի լաբորատորիայի աշխատակիցներին տրվել է մինչև փետրվարի վերջ, և այսօր աշխատակիցների կողմից աշխատանքների դադարեցումը կատարվել է չարտոնված ձևով։ Նա վստահեցրեց, որ այդ դադարեցումը չի անդրադառնա ընդհանուր հսկողության վրա, աշխատանքները նույն ծավալով իրականացվելու են և արդեն ձեռնարկվել են միջոցներ այդ նմուշները Երևան տեղափոխելու համար։ Սերգեյ Չախմախչյանը վստահեցրեց, որ ՀՎԿԱԿ–ը օպտիմալացման գործընթացն իրականացրել է պատշաճ և թափանցիկ ձևով, իսկ դատարան դիմելը աշխատակիցների իրավունքն է։






