Մեծ Բրիտանիայում շաքարախտով տառապողների թիվը հասել է ռեկորդային բարձր մակարդակի։ Ըստ նոր տվյալների՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերորդ չափահաս մարդ ունի կամ շաքարախտ կամ նախաշաքարախտ:

Շաքարախտը ախտորոշվել է 4,6 միլիոն մարդու օրգանիզմում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 200 հազարով։ Այդ գնահատականները հրապարակել է Diabetes UK-ն, որն այդ աճը «թաքնված առողջական ճգնաժամ» է անվանել:

Բացի դրանից, Մեծ Բրիտանիայում ևս 1,3 միլիոն մարդ ունի 2-րդ տիպի շաքարախտ, սակայն նրանց օրգանիզմում ախտորոշված ​​չէ, ասվում է զեկույցում:

Եվս 6,3 միլիոն մարդ տառապում է նախաշաքարախտով, հայտնում է Euronews-ը։ Այդ ախտորոշումը կատարվում է, երբ արյան շաքարի մակարդակը նորմայից բարձր է: Այս վիճակը դեռ շրջելի է, և շաքարի մակարդակը կարող է նորմայի վերադարձվել սննդակարգի և ֆիզիկական ակտիվության, հիմնականում՝ սրտանոթային վարժությունների օգնությամբ։ Սակայն, եթե ոչինչ չի փոխվում, նախաշաքարախտը գրեթե միշտ վերածվում է 2-րդ տիպի շաքարախտի:

Diabetes UK-ի գործադիր տնօրեն Քոլեթ Մարշալը հայտարարել է, որ ավելին պետք է արվի՝ «գտնելու միլիոնավոր մարդկանց, ովքեր ունեն 2-րդ տիպի շաքարախտ կամ նախաշաքարախտ, բայց չգիտեն դրա մասին»:

«Որքան արագ կարողանանք գտնել և ապահովել նրանց անհրաժեշտ օգնությամբ, այնքան ավելի շատ վնաս կարող ենք կանխել», -ասված է Մարշալի հայտարարության մեջ:

Շաքարախտը հիմնականում լինում է երկու ձևով՝ 1-ին տիպ և 2-րդ տիպ։ 1-ին տիպի շաքարախտը հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմի իմունային համակարգը հարձակվում է ինսուլին արտադրող բջիջների վրա, իսկ 2-րդ տիպի շաքարախտը հիվանդություն է, որի դեպքում արտադրվում է բավականաչափ ինսուլին, բայց օրգանիզմն այն չի կարող արդյունավետ օգտագործել:

Դեպքերի մոտ 90 տոկոսն առնչվում է 2-րդ տիպի շաքարախտին, իսկ դրա առաջացման հիմնական ռիսկային գործոնը ճարպակալումն է։

Եվս 8 տոկոսն ունի 1-ին տիպի շաքարախտ, իսկ մոտ 2 տոկոսը` հիվանդության այլ, ավելի հազվադեպ ձևեր, ասված է զեկույցում:

Շաքարային դիաբետը կարող է ունենալ առողջական լուրջ հետևանքներ, դրանց թվում՝ սրտի կաթված, ուղեղի կաթված, երիկամների, աչքերի, ոտքերի և նյարդային խնդիրներ:

Մեծ Բրիտանիայում շաքարային դիաբետի աճն արտացոլում է Եվրոպայում և ամբողջ աշխարհում առկա միտումները: Ըստ The Lancet բժշկագիտական հանդեսում հրապարակված համաշխարհային հաշվարկների՝ 2022 թվականին 828 միլիոն մարդու օրգանիզմում դիաբետ է ախտորոշվել, ինչը 630 միլիոնով ավելի է, քան 1990 թվականին։

Diabetes UK-ը կոչ է արել Միացյալ Թագավորության կառավարությանը ներդրումներ կատարել շաքարախտով հիվանդ մարդկանց խնամքի բարելավման համար, ինչպես, օրինակ, աջակցություն նոր ախտորոշվածներին և ամենամյա առողջական ստուգումներ, որոնք կօգնեն հայտնաբերել բարդությունները վաղ փուլերում:

«Շաքարախտի բոլոր տեսակներից տառապող միլիոնավոր մարդիկ ավելի լավ խնամքի կարիք ունեն լիարժեք կյանքով ապրելու և կործանարար բարդություններից խուսափելու համար», -նշում է Մարշալը: