Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Սամարայի պետական բժշկական համալսարանի (ՍամՊԲՀ) մասնագետները ատամնաբուժական միջամտությունների ժամանակ հիվանդների դեմքի մկանային լարվածության մակարդակը չափելու շարժական սարք են մշակել, ՏԱՍՍ-ին հայտնել են համալսարանի մամուլի ծառայությունում:
«Ժամանակակից օրթոդոնտիայում միոգրաֆիկ հետազոտությունը եւ ատամների կծման թեստը առանցքային դեր են խաղում ճշգրիտ ախտորոշման եւ բուժման պլանավորման գործում: Միոգրաֆիկ հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել ծամող մկանների դիսֆունկցիան, որը կարող է կապված լինել կծելու խախտումների, ատամների ոչ ճիշտ դասավորության, կրճտոցի հետ», նշել են մամուլի ծառայությունում։
Նրանք պարզաբանել են, որ MioFace ախտորոշիչ սարքն ունի ութ էլեկտրոդներ, որոնք տեղակայված են դեմքի առանցքային մկանների վրա, որոնց օգնությամբ չափվում է մկանային լարվածության մակարդակը։ «Սարքը չափում է դեմքի որոշակի մկանների լարվածությունը ախտորոշիչ թեստերի ժամանակ, եւ ստացված տվյալները փոխանցվում են սերվերին։ Հատուկ ծրագրաշարը մշակում է այդ ազդանշանները եւ ստեղծում հաշվետվություն, որը բժիշկները կարող են հասկանալ, ինչը թույլ է տալիս ճշգրիտ արձանագրել հիվանդների մկանային լարվածության աստիճանը»,- նշվել է հաղորդագրությունում:
Մեթոդն օգնում է որոշել բուժման օպտիմալ պլանը, վերացնել հնարավոր բարդությունները եւ կանխատեսել արդյունքները։
«MioFace-ն առանձնանում է օգտագործման հեշտությամբ եւ շարժունակությամբ. այս պահին անալոգները ներկայացված են միայն ստացիոնար տեսքով: Մեր սարքը թեթեւ է եւ փոքր չափերով, բացի այդ, ծրագրակազմն ավելի հարմար է արտասահմանյան անալոգների համեմատ: Բացի ատամնաբույժներից, օստեոպաթներն ու լոգոպեդները կկարողանան օգտագործել MioFace-ն իրենց աշխատանքում»,- ասել է ՍամԲՊՀ «Բիոնիկական ինժեներիան բժշկության մեջ» ԳՀԻ կենտրոնի նախագծի մենեջեր Պավել Տիտորենկոն:
Ապագայում մշակողները մտադիր են անցնել նոր չիպի, որը կավելացնի ալիքների թիվը մինչեւ 20 այժմյան 8-ի փոխարեն, ինչը զգալիորեն կընդլայնի ախտորոշման հնարավորությունները։ Բացի այդ, նախատեսվում է ներմուծել միոստիմուլյացիայի ֆունկցիա, որը MioFace-ը կդարձնի երկակի օգտագործման սարք՝ միոգրաֆիայի եւ միոստիմուլյացիայի (դեմքի մկանների լարվածության ախտորոշում, դրանց թուլացում եւ ակտիվացում) համար։






