Գիտնականների միջազգային թիմը պարզել է, որ տղամարդկանց համեմատ կանանց մոտ երկարատեւ COVID-ով հիվանդանալու ռիսկը զգալիորեն ավելի բարձր է: Աշխատանքը հրապարակվել է JAMA Netw Open-ում։
Հետազոտությունից առնվազն վեց ամիս առաջ COVID-19 ունեցող ավելի քան 12 000 մարդկանց տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ կանայք 31 տոկոսով ավելի են երկարատեւ ախտանիշներ ունեցել:
Այս բացը հատկապես նկատելի է դառնում միջին տարիքի կանանց շրջանում։ 40-54 տարեկանների խմբում երկարաժամկետ COVID-ի զարգացման ռիսկը 48 տոկոսով ավելի բարձր է եղել, քան նույն տարիքային խմբի տղամարդկանց մոտ։ 55-ից բարձր տարիքի կանանց շրջանում տարբերությունը կազմել է 34 տոկոս։ Սակայն 18-39 տարիքային խմբում սեռերի միջեւ էական տարբերություններ չեն եղել։
Հետազոտողները ենթադրում են, որ իմունային համակարգի գործունեության տարբերությունները կարող են կարեւոր դեր խաղալ այս երեւույթի մեջ: Կանայք սկզբում ունենում են ավելի ակտիվ իմունային պատասխան, ինչը կարող է նպաստել ավելի ծանր եւ երկարատեւ բորբոքմանը: Կարեւոր դեր է խաղում նաեւ էստրոգեն հորմոնը, որը կարգավորում է իմունային գործունեությունը։ Պերիմենոպաուզայի եւ դաշտանադադարի ընթացքում մակարդակի նվազումը կարող է մեծացնել COVID-19-ի երկարատեւ հետեւանքների ռիսկը:
Բացի այդ, հետազոտության հեղինակներն ուշադրություն են հրավիրում աուտոիմուն հիվանդությունների հետ երկարատեւ COVID-ի նմանության վրա, որոնց կանայք ավելի շատ են հակված։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ երկարատեւ COVID-ով հիվանդները կարող են զարգացնել հակամարմիններ, որոնք գրոհում են մարմնի սեփական բջիջների վրա՝ վատթարացնելով ախտանիշները:
Գիտնականների կարծիքքով՝ բացահայտումներն ընդգծում են երկարաժամկետ COVID-ի զարգացման մեխանիզմների հետագա հետազոտությունների եւ դրա բուժման ավելի արդյունավետ մեթոդների որոնման անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով ռիսկերի տարիքային եւ սեռային տարբերությունները։






