Բոստոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ABT-263 դեղամիջոցը կարող է արագացնել մաշկի վերականգնումը` ազատելով այն ծերացող բջիջներից, որոնք դանդաղեցնում են բուժման գործընթացը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging հանդեսում:

Տարիքի հետ օրգանիզմում կուտակվում են բնականոն գործելու ունակությունը կորցրած ծերացող բջիջները, որոնք շարունակում են մնալ հյուսվածքներում՝ խաթարելով դրանց վերականգնման գործընթացները։ Դա հատկապես դժվարացնում է մաշկի վերականգնմանը վնասվածքներից հետո:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են րատավոր բջիջները հեռացնելու համար նախատեսված ABT-263 սենոլիտիկ դեղամիջոցի ազդեցությունը տարեց մկների մաշկի բուժման գործընթացի վրա: ABT-263-ը BCL-2 ընտանիքին պատկանող սպիտակուցների արգելակիչ է և ավշային հյուսվածքի հիվանդությունների դեպքում ապոպտոզի (ծրագրավորված բջջային մահ) է հրահրում:

Արդյունքները ցույց են տվել, որ երբ ABT-263-ը տեղային կերպով կիրառվում էր տարեց մկների մաշկի վրա, դեղամիջոցն արդյունավետորեն հեռացնում էր ծերացող բջիջները և զգալիորեն արագացնում վերքերի ապաքինումը: Մասնավորապես, բուժման 24-րդ օրը ամբողջությամբ վերականգնվել է ABT-263 ստացող մկների մաշկի 80%-ը։ Վերահսկիչ խմբում այս ցուցանիշը կազմել է 56%:

Գիտնականների կարծիքով՝ դեղամիջոցը բորբոքման կարճատև աճ է առաջացրել, ինչը նպաստել է մաշկի վերականգնման գործընթացների ակտիվացմանը։ Բացի դրանից, ABT-263-ը խթանել է կոլագենի արտադրության մեջ ներգրավված գեների ակտիվությունը և նոր արյունատար անոթների աճը:

Չնայած խոստումնալից արդյունքներին, անհրաժեշտ են հետագա ուսումնասիրություններ՝ մարդկանց շրջանում այս եղանակի անվտանգությունն ու արդյունավետությունը հաստատելու համար: Հաջողության դեպքում ABT-263-ը կարող է կիրառվել տարեց մարդկանց դանդաղ ապաքինվող վերքերի բուժման համար: