Գանգուղեղային վնասվածք ստացած անհատների մոտ դեմենցիայի բարձր ռիսկի մասին հայտնի է գրեթե մեկ դար: Այնուամենայնիվ, մենք շատ քիչ բան գիտենք այս երեւույթի մոլեկուլային պատճառների մասին, ինչը դժվարացնում է բուժման արդյունավետ միջոցներ գտնելը՝ դեմենցիայի զարգացումը կանխելու համար այն անձանց մոտ, ովքեր ստացել են գանգուղեղային վնասվածք։
Սակայն Լունդի համալսարանի MultiPark ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հետազոտական խումբը պնդում է, որ գլխուղեղի արյան անոթները բուժման բանալին են ապագայում:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Acta Neuropathologica ամսագրում:
Գլխուղեղի վնասվածքը սովորաբար հանգեցնում է ուղեղի արյան հոսքի խաթարման, հնարավոր է, անոթային պատի հարթ մկանային բջիջների պաթոլոգիական փոփոխությունների պատճառով: Արյան հոսքի այս խանգարումները կարող են հանգեցնել ուղեղի երկրորդային վնասվածքների, ինչը խորացնում է գլխուղեղի վնասվածքները, թեեւ անհայտ է մնում, թե ինչպես է դա տեղի ունենում: Այս բացը լրացնելու համար Լունդի համալսարանի պրոֆեսոր եւ Սքանեի համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության խորհրդատու Նիքլաս Մարքլունդը փորձարար գիտնական Իլնուր Օզենի հետ որոշել է ավելի խոր ուսումնասիրել մոլեկուլային դետալները:
Ուփսալայի համալսարանի հետ համագործակցությամբ նրանք հետազոտել են 15 պացիենտի ուղեղի հյուսվածքը, որոնք վիրահատության միջոցով հեռացվել են արյունահոսության եւ այտուցի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում ուղեղի տրավմատիկ վնասվածքներից հետո: Նրանք պարզել են, որ անոթների հարթ մկանային բջիջների փոփոխությունները համընկնում են Ալցհեյմերի հիվանդության հետ կապված սպիտակուցի՝ բետա-ամիլոիդի ավելացման հետ:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ անոթային փոփոխությունները կարող են ավելի կարեւոր լինել նեյրոդեգեներացիայի համար, քան նախկինում կարծում էին»,- նշել են գիտնականները:
Նրանց խոսքով՝ սա մարտահրավեր է նեյրոդեգեներացիայի հետ կապված հիվանդությունների ներկա հարացույցին, ինչը ենթադրում է, որ անոթային դիսֆունկցիան կարող է հրահրել ամիլոիդին առնչվող հիվանդությունների առաջընթացը, այլ ոչ թե առաջանում է նեյրոնների վնասվածքի պատճառով:
Մինչ ծերացումը հանգեցնում է անոթային համակարգի ֆունկցիոնալ փոփոխությունների, գլխուղեղի վնասվածքը կարող է սրել եւ արագացնել այդ գործընթացները նույնիսկ երիտասարդ հիվանդների մոտ: Բայց գլխուղեղի վնասվածքի ոչ բոլոր զոհերի մոտ է առաջանում Ալցհեյմերի հիվանդություն: Ահա թե ինչու է անհրաժեշտ շարունակել հետազոտությունները:






