Բժիշկները կասկածում են, որ Նյու Յորքի երկու բնակիչների մոտ Էբոլա տենդ կա։ Այս մասին հայտնում է New York Post-ը։

Դրա տեղեկություններով՝ հիվանդները նախկինում ԱՄՆ էին վերադարձել Ուգանդայից։ Նրանց դրսևորած ախտանշանները համահունչ են Էբոլա տենդով նկատված ախտանիշներին: Բժիշկները դեռ չեն ստացել այս վիրուսով վարակվելու թեստի արդյունքները, սակայն հիվանդներն արդեն շտապօգնության բաժանմունքից տեղափոխվել են հիվանդանոց՝ բժիշկների հսկողության ներքո։ Ուգանդայի Առողջապահության նախարարությունը հունվարի 30-ին հայտարարեց Էբոլայի սուդանյան շտամի բռնկման մասին այն բանից հետո, երբ Կամպալայից 32-ամյա բուժքույրը մահացավ հիվանդությունից: Սա Ուգանդայում այս տենդի յոթերորդ բռնկումն է։ Նախորդը տեղի է ունեցել 2022 թվականի վերջին, երբ մահացել է 55 մարդ։ Էբոլա վիրուսով վարակված մարդկանց առաջին դեպքը գրանցվել է ներկայիս Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում 1976 թվականին: Վարակվածների թվով ամենամեծ բռնկումը գրանցվել է 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում։ Զոհերի թիվը գերազանցել է 11 հազարը։