Եվրոպան դառնում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ) օջախ։ Այս մասին նշվել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ամենամյա հաշվետվությունում։
2023թ. գոնորեայի մոտ 100 000 դեպք է գրանցվել Եվրամիության երկրներում, Իսլանդիայում, Լիխտենշտեյնում եւ Նորվեգիայում: Դա 31 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ, եւ ավելի քան 300 տոկոսով ավելի, քան 2014թ., նշվել է զեկույցում, տեղեկացրել է Euronews-ը։
Ավելացել է նաեւ սիֆիլիսի դեպքերի թիվը։ 2023թ. գրանցվել է այս հիվանդության ավելի քան 40 000 դեպք, ինչը 13 տոկոսով ավելի է 2022թ. ցուցանիշից եւ երկու անգամ ավելի, քան 2014թ.։
Թեեւ խլամիդիոզի դեպքերի աճը կարծես թե նվազել է, այն շարունակում է մնալ Եվրոպայում ամենատարածված բակտերիալ ՍՃՓՎ-ը՝ 2023-ին գրանցվել է ավելի քան 230 000 դեպք, ինչը 13 տոկոսով ավելի է, քան 2014թ.:
Ըստ ECDC-ի՝ կան մի քանի հնարավոր պատճառներ։ Դրանք ներառում են բնակչության որոշակի խմբերի կողմից անալիզների հանձնման քանակի ավելացումը, ինչպես նաեւ պահպանակների ավելի քիչ օգտագործումը եւ սեքսուալ զուգընկերների ավելի մեծ քանակությունը։
Պաշտոնյաները նաեւ ահազանգել են հակամանրէային դիմադրության (AMR) ռիսկի մասին, երբ բակտերիաները կամ այլ պաթոգենները զարգանում են այնքան, որ հակաբիոտիկներն այլեւս չեն կարողանում արդյունավետ բուժել դրանք: Գործակալությունն ավելի վաղ զգուշացրել էր, որ գոնորեան հակաբիոտիկներով բուժելն աստիճանաբար ավելի է դժվարանում:
Գործակալությունը նշել է, որ սեռավարակների դեմ պայքարի ջանքերը բավարար չեն եղել դրանց տարածումը զսպելու համար, հատկապես երիտասարդների շրջանում։
2023թ. մինչեւ 20 տարեկան կանայք ունեցել են խլամիդիոզով եւ գոնորեայով հիվանդանալու ամենաբարձր ցուցանիշները, թեեւ գոնորեայի դեպքերը կտրուկ ավելացել են բոլոր տարիքային խմբերում, նշվել է զեկույցում:
Միեւնույն ժամանակ, սիֆիլիսով հիվանդացության ամենաբարձր հաճախակիությունը 25-34 տարեկան տղամարդկանց շրջանում է գրանցվել։ Սիֆիլիսի դեպքերի մեծ մասը գրանցվել է գեյերի եւ բիսեքսուալ տղամարդկանց շրջանում, սակայն 2023թ. այդ ցուցանիշն ավելացել է նաեւ բոլոր տարիքային խմբերի կանանց շրջանում:






