Տորոնտոյի համալսարանի Կենսաբժշկական ինժեներիայի ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ ոտքերի մկաններում արյան հոսքի ուսումնասիրությունը կարող է օգնել սիրտ-անոթային հիվանդությունների ավելի վաղ հայտնաբերմանն ավանդական թեստերի համեմատ, ինչը ճանապարհ է բացում ավելի վաղ բուժման եւ ավելի լավ արդյունքների հասնելու համար:
Թեեւ բժշկական վիզուալացումը բարելավել է սրտի հետ կապված խնդիրները (ինչպիսին է սրտի հյուսվածքի կարծրացումը կամ սպիացումը) հայտնաբերելու ունակությունը, այս ուսումնասիրությունները սովորաբար չեն հայտնաբերում մարմնի այլ մասերում առկա խնդիրների անգամ ավելի վաղ նշանները, տեղեկացրել է Planet Today-ը: Իսկապես, նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ոտքերի մկաններում արյան հոսքի վատ կարգավորումը կարող է ավելի վաղ ի հայտ գալ, քան սրտում տեղի ունեցող նման փոփոխությունները, եւ անգամ կարող է բացատրել այնպիսի ախտանիշներ, ինչպիսին է հոգնածությունը կամ ֆիզիկական վարժություններ կատարելու դժվարությունը:
«Մեր հետազոտությունը լույս է սփռում մի կարեւոր բացի վրա, թե ինչպես ենք մենք ախտորոշում HFpEF-ը նախքան սրտի անդառնալիորեն վնասվելը»,- նշել է Կենսաբժշկական ինժեներիայի ինստիտուտի պրոֆեսոր եւ նախագծի ավագ գիտաշխատող Հայ-Լին Մարգարետ Չենգը:
HFpEF-ը կամ սրտի անբավարարությունը պահպանված արտամղման ֆրակցիայով սովորական եւ բարդ հիվանդություն է, որն ազդում է միլիոնավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում: Այն զարգանում է դանդաղ եւ շատ ախտանիշներ չի ունենում՝ մինչ ծանր եւ դժվար բուժելի դառնալը:
«Մեր աշխատանքը ցույց է տալիս, որ ոտքերի մկանների անոթային փոփոխությունները կարող են հիվանդության ավելի վաղ եւ ավելի մատչելի նախազգուշական նշան ծառայել»,- նշել են գիտնականները:
Այս գաղափարն ուսումնասիրելու համար հետազոտական թիմը, որի աշխատանքը հրապարակվել է Discover Medicine ամսագրում, օգտագործել է ՄՌՏ-սքանավորման հատուկ տեսակ, որը հետեւում է, թե ինչպես են արյան անոթներն արձագանքում սթրեսին: Նրանք փորձարկել են մեթոդը դիաբետով պայմանավորված HFpEF-ի նախակլինիկական մոդելում՝ կենտրոնանալով արյան հոսքի փոփոխության վրա ինչպես սրտի, այնպես էլ ոտքի մկաններում: Նրանք հայտնաբերել են, որ դիաբետով հիվանդների մոտ ոտքի մկաններում արյան հոսքը կարգավորելու հետ կապված խնդիրներ ի հայտ են եկել սրտում նման խնդիրներ նկատելուց մի քանի ամիս առաջ: Սա ենթադրում է, որ ոտքի մկանները կարող են լավագույն տեղը լինել HFpEF-ն վաղ փուլերում հայտնաբերելու համար:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ նայելով ոտքերում արյան հոսքին՝ մենք կարող ենք խնդիրները հայտնաբերել շատ ավելի վաղ, քան եթե կենտրոնանանք միայն սրտի վրա»,- նշել է առաջատար հետազոտող Սադի Լոայը Տորոնտոյի համալսարանից: «Սա կարող է մեծ նշանակություն ունենալ հիվանդությունն ախտորոշելու եւ բուժելու հարցում»:
Նայելով առաջ՝ Չենգն ընդգծել է հետազոտության հետագա քայլերը:
«Հաջորդ քայլը HFpEF-ի համար ռիսկի գործոններ ունեցող պացիենտներին փորձարկելն է եւ որոշելը, թե արդյոք մեր ՄՌՏ հարթակը իսկապես կարող է հայտնաբերել հիվանդությունն ավելի վաղ, քան ավանդական ախտորոշիչ մեթոդները»,- ասել է Չենգը: «Մեր վերջնանպատակն է ոչ միայն բացել վաղ ախտորոշման դուռը, երբ հիվանդությունը դեռ բուժելի է, այլ նաեւ նոր ուղղություն առաջարկել հիվանդության բուժման մեջ, որն աստիճանաբար ավելի տարածված է դառնում եւ դարձել է սրտի անբավարարության ամենատարածված ձեւը»:






