ՀՀ կառավարությունն այսօրվա, փետրվարի 20–ի նիստում որոշում է կայացրել ՀՀ բոլոր մարզային ենթակայության հիվանդանոցների կառավարման լիազորությունները վերցնել մարզպետարաններից և փոխոնցել դրանք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ «սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության մարզային առողջապահական կազմակերպությունների կառավարման մոդելի փոփոխությամբ:
Ներկայումս ՀՀ մարզային առողջապահական կազմակերպությունները համարվում են մարզպետարանի ենթակայության կազմակերպություններ, մասնավորապես վերջիններիս կառավարան լիազրությունները պատկանում են մարզպետներին:
Առողջապահական կազմակերպությունների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունների արդյունքում, արձանագրվել է, որ բացակայում են առողջապահական կազմակերպությունների ընթացիկ կառավարման, այդ թվում ֆինանսական կառավարման հմտությունները»։
Սույն նախագծի նպատակն է առողջապահության համակարգի ավելի արդյունավետ և համարժեք կառավարումը և առաջնորդության ավելի արդյունավետ մոդելի ստեղծումը, ասվում է հիմնավորման մեջ։
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ բոլոր մարզպետները բազմաթիվ առարկություններ են ներկայացրել, բայց ՀՀ առողջապահության նախարարությունը այս առարկություններին պատասխանել է շատ կարճ՝ «ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ»։
«Ավելի գեղեցիկ «կոռուպցիոն կենտրոնացում» հնարավոր չեր պատկերացնել ՀՀ կառավարության ապակենտրոնացնող քաղաքականության ֆոնի վրա», – գրել է նա։






