Ամստերդամի համալսարանին առընթեր բժշկական կենտրոնի և Ջոն Հոփքինսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են մի փոքրիկ գեն՝ S10s, որը կարող է ներթափանցվել սրտի մեջ՝ առիթմիաները կանխելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Heart Journal (EHJ) բժշկագիտական հանդեսում:

Ըստ սրտաբան և հետազոտության հեղինակներից մեկի՝ Ժերար Բոինկի, իմպուլսների արագ փոխանցումն անհրաժեշտ է սրտի կայուն ռիթմը պահպանելու համար։ Այս հաղորդունակության խախտումը կարող է հանգեցնել կյանքին սպառնացող առիթմիայի, հատկապես սրտի կաթվածից, սրտի անբավարարությունից կամ գենետիկական խանգարումներից տառապող անձանց շրջանում:

Հետազոտության շրջանակում մի խումբ գիտնականներ առաջին անգամ լուծել են հաղորդունակության դանդաղեցման խնդիրը՝ նոր գեն մտցնելով սրտի մկանային բջիջներում: Մինչ այժմ արդյունավետ գեները չափազանց մեծ էին վիրուսային վեկտորի միջոցով բջիջներ փոխանցելու համար: Սակայն թիմը հայտնաբերել է SCN10a-կարճ (S10s) գենը, որը AAV-ի՝ գեները սրտին հասցնելու ամենաարդյունավետ հարթակներից մեկի կիրառմամբ բջիջներում փոխադրվելու համար բավականաչափ փոքր է:

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ այս գենի ներդրումը բարելավում է իմպուլսների հաղորդունակությունը սրտում, ինչը կարող է հիմք դառնալ առիթմիայի բուժման նոր եղանակի համար։ Հետազոտական ​​թիմը հաջողությամբ ցուցադրել է տարբեր կենդանիների մոդելների, մարդու սրտի մկանների բջիջների և մարդու սրտի հաշվողական մոդելի արդյունքները:

«Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ գնահատելու համար, թե արդյոք այս մոտեցումը կարող է կիրառվել կլինիկական պրակտիկայում: Եթե ​​այո, ապա դրա օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել առիթմիայի դեպքերը և բարելավել հիվանդների կենսակայունությունը», - նշել է Բոինկը: