Եթե Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա այս տարվա վերջ Հայաստանի դեղերի շուկայում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվելու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, մամուլի ասուլիսում նշեց «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը։
«Այսօր Հայաստանում գրանցված է 3260 անուն դեղ։ 2018 թվականի համեմատ գրանցված դեղերի բացարձակ թիվը նվազել է 40%–ով: Գրանցված 3260 դեղից առկա և վաճառքի ենթակա է շուրջ 1800–ը։ Այսինքն այդ դեղերի գրանցման ժամկետները դեռ կան, բայց դեղն այլևս շուկայում չկա»,- ասաց նա:
Անուշ Պողոսյանի խոսքով, արդեն 1 տարի է՝ Հայաստանն անցել է դեղերի ԵԱՏՄ–ի գրանցման ընթացակարգերին, ազգային ընթացակարգերը չեն արվում. «Մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31–ը դադարեցվելու է բոլոր ազգային գրանցում ունեցող դեղորայքների վաճառքը Հայաստանում, որը էլ ավելի կխորացնի խնդիրը»:
Նա նկատեց, որ 1 անուն դեղի գրանցումը, որը մոտ 60 օր պետք է տևեր, այսօր տևում է 1 տարուց ավելի և երբ առողջապահության նախարարությանը հարց են ուղղում, թե ինչն է խնդիրը, պատասխանում են, որ ռեսուրսներ չունեն այդ ամենն ավելի արագ կազմակերպելու համար. «Այս պահին ԵԱՏՄ երկրների գրանցամատյաններում գրանցված է 8500 անուն դեղ, բայց այդ 8500 անուն դեղը թույլ չեն տալիս ներկրել Հայաստան։ Առողջապահության նախարարության կողմից թույլտվությունները չեն տրվում։ Ստացվում է, որ մենք մոտիվացնում ենք, որպեսզի ՀՀ դեղեր ներկրվեն այլ` ոչ օրինական ճանապարհով»,-ասաց նա։
Պողոսյանի խոսքով` հարևան Վրաստանում գրանցված է 8000 անուն դեղ և ևս 3000 անուն դեղ թույլ է տրված զուգահեռ ներմուծման համար։ Այսինքն դե ֆակտո Վրաստանում 11 000 անուն դեղ է գրանցված։ Բացի այդ, Վրաստանում դեղորայքն ավելի մատչելի է, քանի որ դրանց վրա ավելացված արժեքի հարկ դրված չէ, իսկ Հայաստանում ԱԱՀ–ն 20 % է։ Բացի այդ շատ թանկ է մեկ անուն դեղի գրանցման համար պետական վճարը, որը կազմում է 1 մլն 500 հազար դրամ։






