Սուր շնչառական վարակների առումով խոցելի խմբում երեխաներն են, որը մի քանի գործոններով է պայմանավորված. առաջին հերթին երեխաներն ունեն դեռ չձևավորված իմունիտետ, որը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների ձեռքբերման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Դավիթյանց պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկ Տաթև Ղալաչյանը:

«Ունենք նաև այլ ռիսկի խմբեր, որոնք այս պարագայում բավականին շատ մեծ թիվ են կազմում հիվանդացության. խոսքը խրոնիկ հիվանդների ու հղիների մասին է։

Այս տարվա շնչառական վիրուսի բարդություններից առավել հաճախ հանդիպողը թոքաբորբներն են, ունենք նաև սինուսիթներ, բրոնխիթներ, հայմորիթներ, որոնք պատճառ են դառնում շատ հաճախ հոսպիտալացման։ Պատճառներից մեջ կարևորագույններից մեկն այն է, որ իրականացվում է ոչ ռեցիոնալ բուժում, ինչպես նշանակումներների տեսքով, այնպես էլ մարդկանց ինքնուրույն ներգրավվածությամբ: Այսինքն փորձում են իրականացնել տնային պայմաններում բուժումներ, սակայն արդյունքները լինում են շատ հաճախ անկանխատեսելի և վերջում ունենում ենք հոսպիտալացման մեծ դեպքեր»,-ասաց նա:

Հարցին՝ որ պահից սկսած է անհրաժեշտ դիմել բժշկի, Տաթև Ղալաչյանը պատասխանեց. «Տնային պայմաններում առաջին հերթին պետք է իրականացնել սիմպտոմատիկ բուժում, այսինքն, եթե ունենք ջերմության բարձրացում մինչև 38 աստիճան, ոչինչ չենք ձեռնարկում, փորձում ենք միայն հեղուկներով, տարածքի օդափոխումով, շփումների սահմանափակումով կարգավորել իրավիճակը։

Երբ որ ունենում ենք երկու և ավելի օր արդեն կայուն ջերմության բարձրացում 38 և ավելի, այդ պարագայում պետք է անհապաղ դիմել բժիշկին, խորհրդակցել ընտանեկան բժշկի, մանկաբույժի հետ և արդեն հետագա գործողությունները իրականացնել ոչ թե ինքնուրույն, այլ հստակ բժշկի ուղորդմամբ»:

Նա խորհուրդ տվեց անպայման պատվաստվել, որովհետև պատվաստումը լավագույն կանխարգելումն է վիրուսներից պաշտպանվելու համար. «Հաջորդ կանխարգելիչ միջոցառումներից կարող եմ խորհուրդ տալ հագնվել եղանակին համապատասխան, սահմանափակել շփումները և օգտագործել մեծ քանակով հեղուկներ և առողջ սնունդ»: