Հայաստանում առողջության ապահովագրությունը պետք է ներդրվեր դեռ 2023 թվականից. պետք է ստեղծվեր ապահովագրական հիմնադրամը, 2024 թվականին սոցիալապես անապահով խմբերը, 0-18 տարեկան երեխաներն ունենային ապահովագրություն, 2025-ին պետք է միացվեր թոշակառուների խումբը, մինչև 2027 թվականը, ըստ հայեցակարգի, բոլոր խմբերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության ղեկավար Անուշ Պողոսյանը՝ հավելելով, որ այսօր անգամ 2023 թվականին ստեղծվելիք հիմնադրամը չի ստեղծվել:
«Նման պայմաններում ընդհանրապես դժվար է ենթադրել, թե երբ կներդրվի առողջության ապահովագրությունը»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով դրա պատճառներին, Անուշ Պողոսյանն ասաց, որ նախ կա օրենսդրական խնդիր. «Որպեսզի ապահովագրությունը ներդրվի և ճիշտ աշխատի, պետք է ունենալ 1500-2000 գործելակարգեր, չափորոշիչներ։ Հայաստանում առ այսօր ստեղծված է 300 չափորոշիչ և գործելակարգ, մենք չենք կարող ներդնել 300 գործելակարգով ապահովագություն, դրա արդյունքում չենք կարող լուծել վեճերը և այլն։ Կա ֆինանսական խնդիր, երբ ճիշտ հաշվարկներ կատարված չեն, կա նաև թվայնացման խնդիրը։
Ամենակարևոր խնդիրը՝ Հայաստանում բժշկական ծառայությունների ռեսուրսների գնահատումն է. ապահովագրության ներդրման արդյունքում շահառուների թիվը էապես բարձրանալու է, իսկ դա ենթադրում է, որ պետք է ծառայությունների ճիշտ գույքագրում անել և գնահատել՝ արդյոք մեր բժշկական կենտրոնները, պոլիկլինիկաները պատրաստ են այդքան շահառու ընդունել։ Արդյունքում ունենք այն, ինչ ունենք»,-ասաց Անուշ Պողոսյանը:
Նա խնդիր համարեց նաեւ այն, որ օպտիմալացումներ են արվում 100 տոկոս պետական ենթակայության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հիմնարկներում. «Մենք Երևանում ականատեսը եղանք պոլիկլինիկաների օպտիմալացմանը։ Անհասկանալի է, որովհետև պոլիկլինիկաներն ստեղծված են այնպես, որ մարդը ոտքով հասնի իր առողջապահական հիմնարկը։ Պոլիկլինիկաներն օպտիմալացրեցինք, մարզային և գյուղական ամբուլատորիաների օպտիմալացում են կատարում։ Այս ամենը բերելու է նրան, որ մենք չենք ունենալու համապատասխան քանակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կառույցներ, որպեսզի կարողանանք այդ ծավալի բնակիչների սպասարկենք։ Գալու է մի օր, որ բնակիչը զանգի ու ասի՝ ուզում եմ գալ իմ ԱԱՊ-ի բժշկի մոտ, ասելու են՝ քո հերթը գալու է 15 օր հետո»,- ասաց «Առողջության իրավունք» ՀԿ ղեկավարը։






