Գիտնականները նոր միացություն են սինթեզել կոբալտի և էսկուլետինի՝ եղերդակի տերևներում պարունակվող հակաքաղցկեղային նյութի, հիման վրա: Էսկուլետինը թունավոր է առողջ բջիջների համար, սակայն կոբալտով միացությունն այս նյութն արտազատում է միայն բուն ուռուցքի բջիջներում՝ դրանով իսկ վերացնելով դրա կողմնակի ազդեցությունները։ Այսպիսով, նոր միացությունը կարող է հիմք հանդիսանալ թիրախային հակաքաղցկեղային թերապիայի համար: Ռուսաստանի գիտական հիմնադրամի (RSF) դրամաշնորհի աջակցությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Dalton Transactions ամսագրում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, աշխարհում յուրաքանչյուր վեցերորդ մարդը մահանում է քաղցկեղից։ Ընդ որում, ճառագայթային թերապիան՝ քաղցկեղի դեմ պայքարի ամենատարածված մեթոդներից մեկը, միշտ չէ, որ արդյունավետ է։ Դա պայմանավորված է նրանով, որ այս մեթոդով քաղցկեղի բջիջները ոչնչացնելու համար թթվածին է անհրաժեշտ, մինչդեռ նորագոյացությունների շրջաններում ստեղծվում են գոտիներ, որտեղ այն քիչ է՝ հիպոքսիկ շրջաններ, հայտնում է «Научная Россия» պորտալը։ Դրանք առաջանում են այն պատճառով, որ քաղցկեղի բջիջներում կուտակվում են ասկորբինաթթուն, գլուտատիոնը և ցիստեինը, որոնք թույլ չեն տալիս թթվածնին ներթափանցել այդ շրջանները:
Ճառագայթային թերապիայի այլընտրանքը թիրախային թերապիան է: Այս մոտեցմամբ ուռուցքի սահմանները նախ որոշվում են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (MRI) միջոցով, այնուհետև դեղը՝ թունավոր դեղամիջոցը, որը սպանում է քաղցկեղի բջիջները, «հասցվում» է անհրաժեշտ շրջան: Առաքման համար կարող են օգտագործվել կոբալտով միացությունները, իսկ որպես թունավոր դեղամիջոց՝ էսկուլետինը, մի նյութ, որը պարունակվում է եղերդակի տերևներում: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել, որ կոբալտով միացությունները հասնում են թթվածնի պակաս ունեցող շրջաններ, որտեղ քայքայվում են և արտազատում հակաքաղցկեղային դեղամիջոցը։ Դեղամիջոցն ուղղակիորեն ուռուցքին հասցնելը կարևոր է, քանի որ էսկուլետինը թունավոր է ոչ միայն քաղցկեղի, այլև առողջ բջիջների համար: Սակայն մարդկանց վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քանի որ կենդանի օրգանիզմներում նյութափոխանակությունն ավելի բարդ է, քան լաբորատորիայում ուսումնասիրված բջջային կուլտուրաներում, ուստի հակաքաղցկեղային դեղամիջոցը նման միացություներում ոչ միշտ է արտազատվում: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է գտնել կոբալտով միացությունների այլ կազմ, որի դեպքում արտազատման արագությունն ու արդյունավետությունը ավելի բարձր կլինի։
ՌԳԱ Ա․Ն․ Նեսմեյանովի անվան օրգանական տարրերի միացությունների ինստիտուտի (Մոսկվա), ակադեմիկոս Ա.Պ. Ավցինի անվան Մարդու մորֆոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի (Մոսկվա) և Բարսելոնայի համալսարանի (Իսպանիա) գիտնականները նոր կոբալտային միացություն են սինթեզել էսկուլետին հակաքաղցկեղային դեղամիջոցի հետ։ Դրա համար հեղինակները վերցրել են պարզ օրգանական միացություն, ձևափոխել են այն՝ ավելացնելով թթվածնի, ածխածնի և ջրածնի ատոմներից «կառուցված» քիմիական մոդիֆիկատոր, և այն քիմիական ճանապարհով միացրել կոբալտի աղի և էսկուլետինի հետ: Գիտնականներն ապացուցել են, որ որքան բարձր է միացության քայքայման ռեակցիայի արագությունը, այնքան մեծ է էսկուլետինի արտազատման հավանականությունը ուռուցքի հիպոքսիկ շրջանում: Ստացված միացության մեջ դեղամիջոցի արտազատման արագությունը 15 անգամ ավելի բարձր էր, քան նախկինում ուսումնասիրվածներինը:
Հեղինակները ստուգել են՝ արդյոք միացությունն աշխատում է հիպոքսիկ պայմաններում։ Դրա համար արգոնով լցված փորձանոթի մեջ լուծված ասկորբինաթթու ավելացրեցին, խառնուրդը տաքացրեցին մինչև 40℃ (ինչը մոտ է մարդու մարմնի ջերմաստիճանին) և հետևեցին, թե ինչպես է կոբալտային միացությունը քայքայվում և արտազատում էսկուլետինը նման պայմաններում: Պարզվեց, որ երկու րոպեի ընթացքում միացությունից արտազատվել է դեղամիջոցի 90%-ը։
Հետազոտողներն այնուհետև ստացված կոբալտային միացությունն ավելացրեցին մկների և մարդկանց ուռուցքային բջիջների կուլտուրաներին: Պարզվեց, որ դրա արդյունավետությունը թթվածնի անբավարարության պայմաններում քաղցկեղի բջիջները ոչնչացնելու գործում 1,5 անգամ գերազանցում է մաքուր էսկուլետինին։ Միևնույն ժամանակ, բավարար թթվածնի պայմաններում էսկուլետինը չի արտազատվում:
«Մենք հույս ունենք, որ մեր հայտնաբերած օրինաչափությունները կօգնեն այլ գիտական խմբերին օպտիմալացնել իրենց ստացած հակաքաղցկեղային դեղամիջոցների հատկությունները: Ներկայումս մենք աշխատում ենք այլ նախագծերի վրա, ինչպիսիք են մագնիսական նյութերի և կատալիզի հետ կապված նախագծերը: Դրանց ընդհանրությունն այս աշխատանքի հետ միջուկային մագնիսական ռեզոնանսային սպեկտրոսկոպիայի օգտագործումն է համապատասխան նյութերի ուսումնասիրության համար», - պատմել է նախագծի ղեկավար, քիմիական գիտությունների դոկտոր Յուլիա Նելյուբինան։






