Մեծ Բրիտանիայում մինչեւ 2025թ. հունվար գրանցվել է 82 մահ՝ կապված դիաբետի եւ քաշի կորստի դեղամիջոցների օգտագործման հետ, ինչպիսին են օզեմպիկը եւ մունջարոն: Այս մասին հայտնել է Daily Mail-ը՝ հղում կատարելով Դեղորայքի եւ առողջապահական արտադրանքը կարգավորող գործակալությանը (MHRA):
Պարբերականի տվյալներով՝ 18 մարդ մահացել է մունջարո (ակտիվ բաղադրիչ՝ տիրզեպատիդ) օգտագործելուց հետո, 29-ը՝ օզեմպիկ, վեգով եւ ռեբելսաս (սեմագլուտիդ) օգտագործելուց հետո։ Եվս 35 մահվան պատճառ են դարձել սակսենդան եւ վիկտոզան (լիրագլուտիդ):
Նշվե է, որ նման դեղամիջոցները պատկանում են գլյուկագոնանման պեպտիդ-1 (GLP-1) ռեցեպտորների (AR) ագոնիստների դասին։ Դրանք դանդաղեցնում են ստամոքսի դատարկվելը, արգելակում են գլյուկագոնի արտազատումը եւ խթանում ինսուլինի արտադրությունը՝ դրանով իսկ իջեցնելով արյան մեջ գլյուկոզայի մակարդակը 2-րդ տեսակի դիաբետով հիվանդ մարդկանց մոտ:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ քաշի կորստի ներարկումները կարող են առաջացնել մի շարք կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ պանկրեատիտ, ներքին օրգանների դիստրոֆիա եւ դեպրեսիա։
Բժշկական փորձագետները, այդ թվում՝ Անհետաձգելի բժշկության եվրոպական միության անդամները, կոչ են անում խստացնել հսկողությունն այդ դեղերի նշանակման նկատմամբ: MHRA անվտանգության գծով գլխավոր տնօրեն Էլիսոն Քեյվն ընդգծել է, որ այս ապրանքներն օգտագործելու որոշումը պետք է կայացվի բժշկի հետ համատեղ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերն ու առավելությունները:
Սպասվում է, որ առաջիկա տարում պացիենտների թիվը, որոնք օզեմպիկ եւ նրա անալոգներն են օգտագործում, Մեծ Բրիտանիայում կարող է կրկնապատկվել եւ հասնել կես միլիոնի։






